Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ընդգծեց, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ առիթ ունեցել է հանդիպել ԵԱՏՄ անդամ երկրների պատգամավորական բարեկամական խմբերի հետ, որտեղ Փաշինյանն այդ հարցերի մասին բարձրաձայնել է:
Նրա խոսքով՝ թե ինչ սրությամբ է պետք այդ հարցերի մասին բարձրաձայնել կամ բարձրաձայնելը որքանով վնաս կամ օգուտ կլինի, վարչապետը ժամանակի ընթացքում և իր աշխատանքային փորձի արդյունքում կհասկանա: «Ոչ ոք էլ միանգամից չի սովորել, ոչ ոք էլ միանգամից խնդիրներ չի լուծում»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:
2018թ. ապրիլին ռուսական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Բելառուսը մտադիր է Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվհամակարգեր, հունիսի 11-ին հաստատվեց, որ մատակարարումն արդեն իրականացվել է: