Նոյեմբերի ամսին տեղի ունենալիք դրամահավաք-հեռուստամարաթոնին ընդառաջ իրանահայ գործարար, բարերար Հենրիկ Տեր-Ղուկասյանն իր տիկնոջ հետ որոշել է գումար նվիրաբերել Արցախում Մատաղիսից դեպի Թալիշ նորոգվող ճանապարհի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
«Հենրիկ Տեր-Ղուկասյանը 1 մլն 300 հազար դոլար նվիրատվություն կատարելու որոշում է կայացրել կնոջ հետ Արցախում «Թալիշի վերածնունդ» նախաձեռնության բացմանը ներկա գտնվելուց հետո: Գումարն ուղղվելու է Մատաղիսից դեպի Թալիշ ճանապարհի մի մասի նորոգման համար»,-ասաց Վարդանյանը:
Մոտ 10 օրից Տեր-Ղուկասյանը կգա Հայաստան, և կքննարկեն գումարի փոխանցման հարցերը:
Վարդանյանի խոսքով՝ նման բարերարները շատ են: Որոշ բարերարներ հստակ գիտեն, թե ինչ են ուզում կառուցել և որտեղ: Ոմանք էլ տալիս են գումարն ու ընտրությունը թողնում հիմնադրամին կամ պատասխանատու մեկ այլ անձի: