Խորհրդարանը հունիսի 21-ի նիստում ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին և հարակից օրինագծերի փաթեթը, որը առաջարկում է մի շարք փոփոխություններ, մասնավորապես, բանկերին հնարավորություն է տրվում առանց հարկային հետևանքների ներել ֆիզիկական անձանց մինչև մայիս 31-ը եղած անհուսալի վարկերի տույժ-տուգանքները։
Այս թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ. com-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
Ըստ նրա, այս օրենքի ընդունումից հետո պետությունը և բանկերը որևէ փոփոխություն չեն կրի, քանի որ բանկերի հարկեր վճարելու մասով վերահաշվարկ է կատարվում: Այս դեպքում տնտեսագետը առավել կարևորում է արդյունավետությունը, քան պետության կողմից լրացուցիչ եկամուտներ ստանալը:
«Այն մարդիկ, ովքեր տույժ տուգանքների խնդիր ունեն կարող են դա վճարելու փոխարեն ներդրումներ կատարել: Երկու դեպքում էլ պետությունը լրացուցիչ հարկ է ստանալու»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ պետությունը ֆինանսական կառույցների հետ պայմանավորվածություն ունենալով՝ ընդառաջում է մարդկանց՝ չվճարել տույժ-տուգանքները, միաժամանակ հնարավորություն տալով՝ նոր վարկ վերցնել անհատական նպատակների համար, որն էլ տնտեսության մեջ ակտիվություն կառաջացնի:
Ինչ վերաբերում է վարկային ռեգիստրներից մարդկանց պատմության սրբագրմանը, տնտեսագետը փաստեց, որ դրանք անպայման կիրականացվեն.
«Մաքրման աշխատանքները պետք է հատ-հատ կատարվեն: Յուրաքանչյուրի վարկային պատմությունը պետք է ուսումնասիրվի: Օրինակ՝ եթե եղանակային պայմանների պատճառով մարդիկ հայտնվել են սև ցուցակում, դա որևէ խնդիր պետք է չառաջացնի: Բայց կարող են լինել մարդիկ, որոնց վատ վարկային պատմությունը կախված է իրենց ոչ բարեխիղճ վճարումներից կամ վարկը վերցրելեն ոչ թե տնտեսական գործունեության համար, այլ միջնորդական գործունեության համար»,-հավելեց տնտեսագետը:
Չնայած ստուգումներին, տնտեսագետը կարծում է՝ օրենքը բոլորին կվերաբերվի, քանի որ կան մարդիկ, որ ռիսկերը գնահատելու մեջ սխալվել են և մի քանի տարի զրկվել են վարկեր ստանալու հնարավորությունից:
Տնտեսագետը նկատեց նաև, որ վարկային ծանրաբեռնվածության բեռը ավելի շատ գյուղացիների ուսերին է կուտակված: Նշեց, որ գյուղատնտեսությունը Հայաստանում ապահովագրված չէ՝ հասկանալի պատճառներով, օրինակ՝ բնակլիմայական պայմաններից ելնելով: Այդ պատճառով պետությունը պետք է պարբերաբար անդրադառնա այդ հարցին.
«Մեր մոտ գյուղատնտեսական խոշոր տնտեսություններ չկան, անհատ տնտեսություններ են, մարդիկ են կամ ընտանիքներ: Այդ մարդկանց ապրելու միակ միջոցը դա է: Պետք Է պետությունը մարդկանց օգնի, ինչքան որ հնարավորություն ունի: Իսկ գյուղացիները պետք է հենց իրենք նախապես մտածեն փոխհատուցում ստանալու մասին»,- ավելացրեց Վահագն Խաչատրյանը:
Արմինե Արմենակյան