Ինչպես արդեն տեեկացրե ենք, այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

 

«Ղարաբաղը երբեք այսքան զգայուն, այսքան նուրբ, այսքան դյուրաբեկ վիճակում չի հայտնվել: Մենք ունենք անվտանգության խնդիր, մենք խնդիր ունենք այս հանգրվանում անել ամեն ինչ, որպեսզի չեզոքանան արտաքին վտանգները: Դրա համար պետք է միասնականություն, ներքին միություն, կայունություն:

Սա լուրջ հարց է, սա Ղարաբաղի անվտանգության հետ կապված խնդիր է: Ես կասեի՝ դրանից ավելին էլ է: Հայ ժողովուրդն այսօր կարող է լուրջ կորուստ ունենալ: Այդ կորուստը կսկսվի Ղարաբաղով և կվերջանա Հայաստանի անկախության կորստով, եթե մենք չզգաստանանք, եթե չանդրադառնանք, որ համախմբվածությունն այսօր ամենակարևոր հարցն է:

Ամենավտանգավորն այս պահին ներքին պառակտումն է, ներքին աթոռակռիվն է, որը պետք է բացառել ամբողջությամբ: Ղարաբաղը մեր այն ձեռքբերումն է անցած 30 տարվա ընթացքում, որը մենք իրավունք չունենք որևէ կերպ վտանգելու: Վտանգել Արցախի ապագան՝ ազգային դավաճանություն է: Եվ դրանից պետք է խուսափել: Հարցն այն է, որ այս դիմադրության բերդը չեն կարող գրավել, եթե ներսում՝ բերդի մեջ պառակտում չլինի: Եթե բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն կարողանան դրսից գրավել»,- հայտարարել է Մարգարյանը: