2018թ. հունիսին՝ մայիսի համեմատ, բենզինի գինը չի փոխվել, իսկ դիզելային վառելիքինն աճել է․ այն 10 դրամով թանկացել է։ Թեպետ բենզինի գինն այս ամիսներին չի փոխվել, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է մոտ 17.0%-ով: Անցյալ տարվա վերջից այս շուկայում շարունակական գնաճ է նկատվում: Սա մտահոգում է ՀՀ բնակչությանը, ով նշված ոլորտում թավշյա հեղափոխության հետ մեծ հույսեր էր կապում։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում թանկացումները ինչ-որ առումով բնական համարեց։

«Թանկացումները հիմնականում պայմանավորված են Ռուսատանում աքսիզային հարկի մասին օրենքի փոփոխությամբ․ հարկը 15 %–ով ավելացել է: Սա անդրադառնում է Հայաստանի շուկայի վրա, ինչպես նաև պայմանավորված է «Ռոսնեֆտ»-ի մենաշնորհով, սա ժամանակին կարգավիճակ է տվել որպես մոնոպոլ գնորդ «Ֆլեշ» և CPS ընկերություններին։ Այս ընկերությունները, կապված Ռուսաստանում կատարված հարկային փոփոխությունների հետ, բարձրացրել են գները»,-բացատրեց տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանը գտնում է, որ չնայած հարկային դաշտում տեղի ունեցած փոփոխություններին՝ հնարավոր էր կանխել գնաճը։

«Հնարավորություններ կան. մենեջմենթի խնդիր է: Ցանցի ծախսերի ռացիոնալացման հաշվին հնարավոր է զսպել գնաճը։ Այս համակարգերը ևս բոլոր դեպքերում պետք է ստուգվեն՝ նկատի ունենալով մենաշնորհային դիրքի չարաշահումները։ ՊԵԿ-ն այստեղ ուսումնասիրություներ կատարելու լուրջ խնդիրներ ունի»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը նկատեց, որ գուցե թանկացումները կապված լինեն այն բանի հետ, որ նոր իշխանությունը խստացրել է հարկային դաշտը և տնտեսվարողները ստիպված ՀԴՄ-ներ են տպում․ ուստի, ծախսը կոմպենսացնելու համար, գներ են ավելացնում։

«Այդ տարբերակը, իհարկե, բացառել չի կարելի։ Այսօր իրավիճակի փոփոխությամբ ամբողջ հարկային ծավալները պետք է ցույց տան։ Այստեղ մաքսիմալ ուշադիր պետք է լինի կառավարությունը՝ ոլորտում ի հայտ եկող գերշահույթների մասով և հարկման դաշտ բերելու հարցում։ Խնդիրը վերաբերում է նաև մաքսային մարմիններին՝ ներկրման իրական ծավալները ֆիքսելու տեսանկյունից»,-նկատեց տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանը գների հետագա բարձրացում չի նախատեսում՝ հաշվի առնելով սպառողների՝ այլընտրանքային վառելիք ձեռք բերելու հնարավորությունը։

«Երբ բարձրանում է բենզինի գինը, վարորդներն ավելի շատ են օգտագործում գազ, իսկ սա զսպում է բենզինի թանկացումը»,-ամփոփեց նա։