ՊԵԿ-ի կողմից մի շարք գազալցակայաններում անցկացված ստուգումներից հետո հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։ Այսօր «Ֆակել», «Նախշին», «Ավտո Գազ», «Արզնի Գազ» և «Գազ գրուպ» ՍՊԸ-ների իրավական ներկայացուցիչը պատասխանել էր ՊԵԿ-ին և վարույթը իրականացնող մարմնին՝ պնդելով, որ հարուցված քրեական գործերի հիմքում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ և փաստարկներ, որոնք որևէ եզր չեն կարող ունենալ արդարադատության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ։
 
Կրկնվում է գրեթե նույն սցենարը, որին ականատես եղանք սուպերմարկետներում, առևտրի խոշոր ցանցերում ՊԵԿ-ի կատարած ստուգումներից հետո, երբ դրանց տերերը փաստացի սաբոտաժի դիմեցին՝ հրաժարվելով կատարել պատկան մարմինների պահանջները: Այն ժամանակ հանրությանը խորհուրդ տրվեց մի քանի օր ձեռնպահ մնալ մսամթերք գնելուց և սիթիներից առևտուր անելուց: Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ կառաջարկեն՝ գուցե մի քանի օրով բենզինի անցնել, մինչև գազալցակայանները կփոշմանեն, դարձի՞ կգան:
 
2016թ.-ին, Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, հրահանգ եղավ ՊԵԿ-ին՝ անհիմն ստուգումներ չիրականացնել. Հետո սկսեցին պատճառաբանել, որ եթե չստուգեն՝ տնտեսվարողները կխաբեն, հարկեր չեն վճարի: 2017 թվականի ապրիլի 2-ից վերսկսվեցին հարկային ստուգումները աննախադեպ մասշտաբներով՝ ցուցանիշ ապահովելու կամ անձնական նկատառումներով: ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարութունյանը հրաժեշտի խոսքում ասաց, որ 14.1 միլիարդ ավելի գումար են հավաքագրել, բայց արդյո՞ք տնտեսությունն աշխուժացել էր, թե՞ այդ ամենն ընդամենը հարկային «տեռորի» արդյունք էր: Հիմա էլ տպավորություն է, որ կրկնվում է հին պատմությունը՝ ստուգումներ, տուգանքներ, որը մեկնաբանվում է, թե՝ «Նիկոլն ասել է՝ այնքան տուգանեք, մինչեւ ՀԴՄ խփել սովորեն»: ՊԵԿ-ը հագել է հեղափոխական կոստյումը եւ անցել գործի: Բայց ստուգումներով ու տուգանքներով երկիրը չի զարգանա, ներդրող չի գա, ավելին՝ սուպերմարկետներին, գազալցակայաններին կարող են հետևել նաև մյուս բիզնեսները՝ չհանդուրժելով հարկային տեռորի դրսևորումները: Եվ կարո՞ղ եք կռահել, թե ինչպիսի հետևանք դա կունենա նոր-նոր ոտքի կանգնող տնտեսության համար…