Շատերիս խոսակցական լեզվում առկա «աեորոպորտի գին» հասկացությունն ասոցացվում է շուկայականից անհամեմատ բարձր, թանկ գների հետ։ Այս արտահայտության նախապատմությունը գալիս է ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում տարբեր ապրանքների առք ու վաճառքից, այնպես էլ այնտեղ գործող տաքսի ծառայություններից, որոնց աստղաբաշխական թվերը զայրացնում են տեղացիներին ու զարմացնում դրսից եկած զբոսաշրջիկներին։ 

Օդանավակայան հասնելու խնդրի կարգավորումը դեռ նախորդ կառավարությունն էր փորձել տալ՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: 2017թ. հունիսի 14-ից սկսած՝ 300 դրամով յուրաքանչյուր ժամը մեկ Երևան-«Զվարթնոց»-Երևան  երթուղով ավտոբուսները և միկրոավտոբուսները սկսեցին աշխատել 24-ժամյա գրաֆիկով։

 

«Ավտոբուսները շուրջօրյա ռեժիմով աշխատում են առավոտյան 7։30-ից՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ և երեկոյան 22։00-ից՝ ժամը մեկ գրաֆիկով»,- ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին Տրանսպորտի և կապի նախարարությունից։

Առաջին հայացքից թվում է՝ լուծված է մի կարևոր խնդիր, սակայն, ինչպես երևում է՝ այդ ավտոբուսները չեն ծառայում իրենց նպատակին։ Օդանավակայան հասնելը կամ այնտեղից Երևան՝ դեռևս խնդիր է մարդկանց համար։ Նրանց մի մասին հարմար չէ ավտոբուսներով տեղաշարժվելը, մի որոշ մասն էլ տեղեկացված չէ դրա առկայության կամ ժամային գրաֆիկից։ Հետևաբար, մարդիկ ստիպված օգտվում են առաջարկվող տաքսիներից՝ փորձելով աստղաբաշխական ուղեվարձի վերաբերյալ իրենց բողոքը բարձրաձայնել  լրատվամիջոցների միջոցով: Մասնավորապես՝ ԼՈւՐԵՐ․com-ին դիմած քաղաքացին նշում է, որ Հայաստան ժամանելուն պես տաքսու վարորդները, ստվերի նման ուղեկցելով, առաջարկում են իրենց ծառայությունները։

Բացի այդ, «Զվարթնոց»-ում գործում է տաքսի ծառայություն, որը բավականին բարձր գներով է սպասարկում (գնային առաջարկները ներկայացնում ենք ստորև):

Իհարկե, հասկանալի է, որ օրինական պայմաններում կամ Զվարթնոցի հետ պայմանագիր ունենալով են վարորդներն անարգել շարունակում «թալանել» ուղևորներին, սակայն կառավարությունը պետք է թիրախավորի նման գործունեությունը կա՛մ երթուղայինների ժամանելու հաճախականության հարցը լուծելով, կա՛մ էլ հսկելով տաքսիների կողմից անհավանական թվերի սահմանումը, քանի որ այստեղ նկատելի է գերշահույթով աշխատելու միտում: