Արտաշատում ավագանու նիստերը չեն կայանում։ Ավագանու13 անդամներից որոշները բոյկոտում են նիստերը և պահանջում քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը։

ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց քաղաքապետի կողմնակից համարվող, Արտաշատի ավագանու անդամ Արման Դերմոյանի հետ, ով անգամ չի հասկանում, թե ավագանու մնացած անդամները ինչու են պահանջում քաղաքապետի հրաժարականը։

 

«Մեր քաղաքապետը ոչ կոնֆլիկտային մարդ է և երբևէ վարկաբեկված չի եղել։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են բոյկոտում»,- ասաց Դերմոյանը և հավելեց, որ, ըստ նրա, Կարեն Բենիամինյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ 

Սակայն, նույն կարծիքին չէր ավագանու մեկ այլ անդամ Կամո Խաչատրյանը։ Նա մեզ հետ զրույցում մատնանշեց մի քանի խնդիր, մասնավորապես՝ քաղաքապետի կողմից քաղաքը ոչ ճիշտ ղեկավարելը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա հրաժարականը պահանջելու։ 

«Շատ խնդիրներ կան, ո՞րը նշեմ։ Պահանջում ենք հրաժարականը կադրային փոփոխությունների համար՝ մարդկանց, առանց հիմնավորման աշխատանքից հանելու և իրենց կադրերին բերելու համար։ Աղբի խնդիրը ոչ պատշաճ կարգավորելու համար: Շատ այլ խնդիրներ կան, որոնց մասին հիմա չեմ խոսի։ Այս խնդիրները միայն ես չէ, որ տեսնում եմ։ Իմ կոլեգաները ևս տեսնում են։ Ոչ բոլոր ավագանու անդամներն են բողոքում, բայց մեծամասնությունը մեզ հետ է»,-ասաց Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ տեղյակ են քաղաքապետի՝ հրաժարական չտալու մտադրության մասին, բայց կարծում է, որ այդպես երկար չի կարող շարունակվել։

«Մեր քայլերն առաջիկայում կտենսեք»,- հավելեց Խաչատրյանը։

 

Իսկ ավագանու անդամ Հարություն Մնացականյանը նշեց, որ  ավագանու պահանջն է՝ նոր և մաքուր ընտրություններ անցկացնել Արտաշատ քաղաքում։

Նշենք, որ քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ չենք կարողանում կապ հաստատել։ Գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքապետը զբաղված է։