Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է.

«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետևյալը՝

- ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետևաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության նկատմամբ.
- ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք.
- ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և ԴԱՏԱԿԱՆ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա.
- Արդյոք երկրում առկա է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների, կամ այլ անօրինական գործընթացների (այդ թվում՝ դատական իշխանության անօրինական գործողությունների) և մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, և որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով:

Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով և առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով* նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ:

* Սահմանադրական կարգը տապալելը' Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»: