«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները փակել են միջհամայնքային ճանապարհը և դեպի Ջերմուկ ճանապարհին 2 կմ խցանում է առաջացել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Ամուլասարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստներից՝ Վազգեն Գալստյանը։
«Այս պահին լարված իրավիճակ է այստեղ։ Լիդիանի մոտ 60 աշխատակիցներ մեքենաները կանգնեցրել են ճանապարհի մեջտեղում և խցանում ստեղծել։ Նրանք ասում են՝ եթե դուք հանքի ճանապարհն եք փակել, մենք էլ միջպետական ճանապարհը կփակենք»,-ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ հանքի աշխատակիցներին Ոստիկանությունը, փոխմարզպետը հորդորում են բացել միջհամայնքային ճանապարհը, սակայն Լիդիանի աշխատակիցները պայման են դնում ոստիկանության առջև՝ բացել հանքի ճանապարհը, որ նրանք էլ միջհամայնքային ճանապարհը բացեն։
«Նրանք ասում են, որ խախտումներն են եկել շտկելու, սակայն խախտումներն այնպիսին են, որ ապացուցում են՝ այստեղից ապօրինի ոսկի է արտահանվել»,-ասաց ակտիվիստը և նկատեց, որ արդեն 66-րդ օրն է, ինչ իրենք փակել են հանք տանող ճանապարհը և չեն պատրաստվում բացել։