Եթե չունենանք որակյալ կրթություն օր առաջ, ժամ առաջ՝ մենք չենք ունենալու կայացած քաղաքացի։ Եթե չունենանք կիրթ ու զարգացած հասարակություն, մենք ունենալու ենք խնդիրներ բոլոր ոլորտներում։ Մենք հետ ենք մնալու ամբողջ աշխարհից։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որի թեկնածությունն առաջադրվել է ԱԺ ԿԳ հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Նա նշեց, որ կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, մասնավորապես, բուհական մակարդակում։

«Կրթության և գիտության բնագավառները հետ են մնացել ժամանակակից աշխարհի պահանջներից։ Զարգացած երկրներում չենք տեսնի թուղթ, գրիչ, փայտե գրատախտակ և կավիճ, դրանք վատագույն դեպքում մոնտիորներ են, ինֆրակարմիր ճառագայթներ, ինտերակտիվ ուսուցման մեթոդներ՝ դիստանցիոն կառավարմամբ, էլ չեմ ասում մեթոդաբանության ժամանակակից ծրագրերի մասին»,-ասաց Ուրիխանյանը։

Վերջինս նաև նկատեց, որ ուսուցիչները, դասախոսները սոցիալական վատ վիճակում են։

«Իսկ պահանջել որակյալ կրթություն՝ մեղմ ասած՝ անբավարար վարձատրություն ունեցող մասնագետից, գտնում եմ՝ այնքան էլ արդարացի չէ»,-ասաց պատգամավորը և հավելեց որ կցանկանար հանձնաժողովի գործընկերների հետ նոր թափ հաղորդել հանձնաժողովի գործունեությանը և հանդես գալ այնպիսի օրենքներով, որոնք ևս նոր թափ կհաղորդեն հանձնաժողովի գործուենությանը։

«Փորձելու եմ ռեալ և շոշափելի արդյունք ապահովել հասարկության համար՝ գոնե հանձնաժողովի գործունեության ֆորմատում»,-ավելացրեց Ուրիխանյանը։