ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագիծին՝ «Երիտասարդ ընտանիքին' մատչելի բնակարան»:
Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ:
«2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով, ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով, ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով: Միաժամանակ, նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն՝ առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ»,-ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ծրագրի շահառուները հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերը նշված «պրոդուկտը» կարող են ձեռք բերել և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:
Առաջարկում նշվում է, որ երիտասարդ ընտանիք են համարվում այն զույգերը, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը՝ նախին 65-ի փոխարեն: