Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ՝ Հայաստանն այս տարի առաջին անգամ հյուրընկալում է կազմակերպության ղեկավարների գագաթաժողովը: ՖՄԿ-ն հանդիսանում է միջազգային ամենամեծ կազմակերպություններից մեկը, որի անդամների թիվը հասնում է 84-ի՝ ընգրկելով տարբեր մայրցամաքներ: Ստորև անդրադառնանք Հայաստանի՝ ՖՄԿ անդամակցությանը ՝ ընգծելով միջազգային այս կազմակերպության կարևորությունը մեզ համար:
2003 թվականին Բուրկինա Ֆասոյում կայացած գագաթաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև' 2008 թվականի հոկտեմբերին՝ Քվեբեկի (Կանադա) գագաթաժողովում, դարձել է ՖՄԿ ասոցացված անդամ։ 2012 թվականի հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ ձեռք է բերել ՖՄԿ լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ 54-րդ անդամ-երկիրը: Այս տարիների ընթացքում Հայաստանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՖՄԿ տարբեր ձևաչափերում: Միջազգային այս կազմակերպության դերակատարությունն ավելի համընդգրկուն ներկայացնելու համար անդրադառնանք կազմակերպության առանձին մարմիններին և դրանցում Հայաստանի ներգրավվածությանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարների գագաթաժողովից բացի, որտեղ ներկայացված են անդամ երկրների ղեկավարները, ՖՄԿ մյուս երկու կարևոր կառույցներ են համարվում Նախարարական համաժողովը (ապահովում է գագաթաժողովների քաղաքական որոշումների շարունակականությունը) և Մշտական խորհուրդը (համախմբում է անդամ երկրների դեսպաններին՝ պլանավորելու գագաթնաժողովները): Նախարարական համաժողովում Հայաստանը ներկայացված է արտգործնախարարի մակարդակով, իսկ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդում ունի իր ներկայացուցիչն (ներկայումս՝ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան):

2014 թվականից ՀՀ Ազգային Ժողովը հանդիսանում է ՖՄԿ մյուս գլխավոր կառույցի՝ Խորհրդարանական վեհաժողովի լիարժեք անդամ, որտեղ ներգրավված են 77 երկրների խորհրդարանների կամ միջխորհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ էության, սա կարևոր հարթակ է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային տարբեր կառույցներում համագործակցության խորացման, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ սեփական մոտեցումները ներկայացնելու և շահերն առաջ տանելու տեսանկյունից:

ՖՄԿ հիմնական կառույցներում ներգրավվածությունից զատ, բավական կարևոր է նաև ՀՀ-ՖՄԿ համագործակցությունը կազմակերպության առանձին գործակալությունների մակարդակում: Օրինակ, Հայաստանն ակտիվ համագործակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ, որը հնարավորություն է տալիս ՀՀ գիտնականներին և ուսանողներին իրականացնել փորձի փոխանակում և գործընկերային կապեր հաստատել ՖՄԿ անդամ երկրների տարբեր համալսարանների հետ: Ներկայումս գործակալության գործընկեր համալսարաններից են Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը: Այս շարքն, իհարկե, պետք է ընդլայնել՝ ընդգրկելով համալսարաններ ոչ միայն Հայաստանից , այլ նաև՝ Արցախից:

Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով կապերի զարգացման տեսանկյունից կարևոր է ՖՄԿ մեկ այլ գործակալություն՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (ՖՔՄԱ): Երևանը 1998 թվականին դարձել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի անդամ, իսկ 2011թ. հոկտեմբերին Երևանում անցկացվել է ՖՔՄԱ-ի գլխավոր վեհաժողովը՝ անդամ քաղաքների ավելի քան 150 քաղաքապետերի մասնակցությամբ: Իհարկե, այս ձևաչափում ևս համագործակցության շարունակական խորացման անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա ընդլայնել գործակալության կազմում ընգրկված ՀՀ քաղաքների թիվը: Քանի որ տարբեր քաղաքների անդամակցությունը ՖՔՄԱ-ին կախված չէ համապատասխան երկրի ՖՄԿ անդամակցությունից, ցանկալի է դիտարկել նաև այս ձևաչափում Արցախի քաղաքները ներգրավման հնարավորությունները:

ԶԼՄ-ների մակարդակով համագործակցության լայն հնարավորություն է ընձեռում ՖՄԿ շրջանակներում գործող TV5 Monde միջազգային հեռուստաալիքը, որն աշխարհի երեք ամենամեծ հեռուստատեսային ցանցերի շարքում է BBC-ի և CNN-ի հետ: Միջազգային այս հեռուստաալիքի հետ ակտիվ համագործակցությունը կարող է դառնալ ևս մեկ արդյունավետ խողովակ՝ արտաքին աշխարհին մեր մոտեցումները, մեզ համար կարևոր խնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից:

Ի՞նչ է տալիս ՖՄԿ անդամակցությունը և գագաթաժողովի անցկացումը Հայաստանին

Նախ փաստենք, որ գագաթաժողովը ՖՄԿ-ում որոշում կայացնող երկրների և կառավարությունների ղեկավարների ամենաբարձր քաղաքական մարմինն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ։ Մինչև հաջորդ գագաթաժողովի անցկացումը, ՖՄԿ ղեկավարությունն ստանձնում է հյուրընկալող երկիրը, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը: Կարևոր է ընդգծել, որ ՖՄԿ ղեկավարության ստանձնումը չի իրականացվում ռոտացիոն կարգով և Հայաստանն այս տարի այդ պատմին է արժանացել իր ցուցաբերած նախաձեռնողականության շնորհիվ: Միջազգային նման մեծ կազմակերպության ղեկավարության ստանձնում ՀՀ-ին կտա լայն հնարավորություններ՝ մեզ համար կարևոր խնդիրների վերաբերյալ հանդես գալու տարբեր նախաձեռնություններով՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով մեզ համար կարևոր հարցերի վրա:

Ինչ վերաբերում է բուն գագաթաժողովի անցկացման փաստին, ապա անկախությունից ի վեր իր նախադեպը չունեցող նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը ՀՀ-ում (ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով ), թույլ կտա բարձրացնել մեր երկրի միջազգաին հեղինակությունը: Մյուս կողմից այն կարող է կարևոր խթան հանդիսանալ ՖՄԿ անդամ երկրների հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդման ու ընդլայնման համար՝ նպաստելով տարբեր հարցերի շուրջ հետագա համագործակցությանը:

Կարևոր է նաև գագաթաժողովի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Օրինակ, ֆրանկոֆոն ավանդույթի մաս հանդիսացող ֆրանկոֆոնիայի ավանի ստեղծումը Երևանում թույլ կտա Երևան այցելած հյուրերին ներկայացնել հայկական, իսկ հայաստանցիներին՝ ֆրանկոֆոն մյուս երկրների մշակույթը: Ուշագրավ է, որ միջոցառման շրջանակներում ներկայացվելու է նաև Արցախը, ինչը թույլ կտա ևս մեկ անգամ ընդգծել հայկական երկրորդ հանրապետության սուբյեկտայնությունը: ՀՀ-ում ներդրումների խթանման տեսանկյունից բավական կարևոր է ՖՄԿ գործարարների առաջին համաժողովի անցկացումը, որին կմասնակցեն մի քանի տասնյակ գործարարներ անդամ երկրներից: Կարևոր է նաև Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանի անցկացումը: Սա և փաստը, որ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանելու շուրջ 300 լրագրողներ, լայն հնարավորություններ են ստեղծում տեղի ԶԼՄ-ների համար՝ ընդլայնելու գործընկերային կապերը, ինչպես նաև Հայաստանն աշխարհին ներկայացնել նոր լույսի ներքո:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ ՖՄԿ անդամակցությունը ՀՀ համար ստեղծել է արտաքին աշխարհի հետ տարբեր մակարդակներում համագործակցության շարունակական ընդլայնման և խորացման հարավորություններ, որոնց իրացումը, հետևողական և հասցեական աշխատանքի պարագայում, առավել քան իրատեսական է:

Լիանա Հովհաննիսյան