Հաղորդավարուհի, «Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ ընտրված Լուսինե Բադալյանը կարծում է, որ քաղաքական բնագավառ մտնելով, իր կյանքում շատ բան չի փոխվել, քանի որ նախկինում էլ նույն գործունեությամբ է զբաղվել՝ բարձրաձայնել է խնդիրներ և փորձել գտնել լուծումներ։

«Պարզապես այս պահին պաշտոնապես եմ դա անում, հետևաբար, այս փուլում, երբ ես ավագանու անդամ եմ, առանձնապես որևիցե փոփոխություն չի լինում։ Ավագանին հասարակական հիմունքներով աշխատանք է, սա չի կարելի դիտարկել մշտական աշխատանք»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Բադալյանը և հավելեց, որ դրանից չի տուժել նաև իր մյուս գործունեությունը՝ հաղորդավարությունը։

 

Խոսելով մյուս խմբակցությունների հետ համագործակցության մասին՝ Բադալյանը նշեց․

«Բոլորս միասնական ենք աշխատում, այստեղ խմբակցությունների միջև որևէ մրցակցություն անգամ չի էլ դիտարկվում։ Բազմակարծություն կա, որը կա նաև մեր խմբակցության ներսում․ ես դա  համարում եմ Երևան քաղաքի առաջընթացի և հաջողությունների գրավականը»։

Լուսինե Բադալյանն, անդրադառնալով հնարավոր «կադրային ջարդին»՝ նկատեց, որ դա նորընտիր քաղաքապետի իրավասությունների մեջ է, սակայն չխուսափեց իր կարծիքն արտահայտել․ 

«Կարծում եմ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, մտերմություններից, միջանձնային հարաբերություններից՝ պետք է մասնագետին դիտարկենք մասնագետ, աշխատողին՝ աշխատող։ Եթե Տարոն Մարգարյանի թիմից կան մարդիկ, որոնք արհեստավարժ են, որոնք մտահոգ են Երևանի համար, որոնք բարեխիղճ անում են իրենց աշխատանքը, լավ մասնագետներ են՝ պետք է համագործակցել, պատահական հայտնված մարդկանց՝ պետք է հրաժեշտ տալ, դա ընթացքում կերևա»։

Բադալյանը չբացառեց, որ ապագայում ավելի կընդլայնի իր քաղաքական գործունեությունը․

«Հետագայում քաղաքականության մեջ ավելի ընդլայնվելու մտադրություն ունեմ։  Տեսնենք՝ ինչպես կտացվի. այս պահին պլաններ կամ որոշում չկա, բայց եթե խոսում ենք մտադրություների մասին, ապա՝ ունեմ»։

 

Արմինե Արմենակյան