Ինչպես օրեր առաջ էինք տեղեկացրել, Մարալիկում տևական ժամանակ շարունակվում են բողոքի ակցիաները: Բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և տարբեր անօրինականությունների մեջ:
Բողոքի հետքերով Մարալիկ է գնացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում, դիմել են մեզ, որպեսզի վերահսկողության ծառայությունը ստուգումներ իրականացնի Մարալիկում, մենք հիմա մեկնում ենք Մարալիկ»,-իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Սանասարյանը:
Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ներկայացրեց Մարալիկի քաղաքապետարանի դիմաց բնակիչների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նա հակիրճ ներկայացրեց իրենց քայլերը:
«Մենք հիմա սպասում ենք, որ Մարալիկի քաղաքապետը, քաղաքապետարանի անձնակազմը գան այստեղ: Ձեզ պետք է խնդրեմ, որ թողեք նրանք գան, հանգիստ ներս մտնեն: Մեր աշխատակիցները ներսում կլինեն, ես կգամ, ձեզ հետ կշփվեմ, իրենք էլ իրենց գործը կանեն»,- նշեց Սանասարյանը:
Բնակիչների հետ հանդիպումից հետո Սանասարյանը հանդիպեց քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ։