Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն այժմ ստուգումներ է իրականացնում քրեկատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում: Այս մասին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանում՝ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստից առաջ, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
«Մենք հիմա քրեակատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում ենք ստուգումներ անցկացնում: Նաև ընթացիկ «ճգնաժամային» իրավիճակներ եղան՝ Ուրցաձոր ու Անի համայնք գնացինք: Այդ երկու համայնքներում ստուգումներ իրականացնելը պլանավորված չէին, բայց արեցինք, քանի որ քաղաքացիների բողոք կար, մեզ ասում էին, որ չարաշահումներ են տեղի ունեցել, հիմա ուզում ենք հասկանալ, թե որոնք են դրանք: Ստուգումներ են իրականացվում նաև ճանապարհային ոստիկանություններում»,- ասաց Սանասարյանը:
ՊՎԾ պետն անդրադարձավ նաև Մարալիկ կատարած այցին:
«Քաղաքացիների բողոքներն ենք լսել, մնացածը պետք է պարզվի ուսումնասիրությամբ, թե ինչ խնդիր կա: Համայնքապետարանից փաստաթղթեր չեն հանձնել, քանի որ ոչ աշխատանքային օր էր: Երկուշաբթի օրը մեր աշխատակիցները կլինեն Անի համայնքում»,- նշեց Դավիթ Սանասարյանը:
Մարալիկում տևական ժամանակ շարունակվում են բողոքի ակցիաները: Բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և տարբեր անօրինականությունների մեջ: