Վերջին օրերին Հայաստանի մի շարք քաղաքներում սպանությունների, քրեական հեղինակությունների մասնակցությամբ տարատեսական ռազբորկաների, կրակոցների կտրուկ աճ է արձանագրվել: Իսկ պատճառը, թերևս, այն է, որ մայիսից հեղափոխության ռելսերի վրա դրված իրավապահ համակարգը ոչ մի կերպ չի կարող վերադառնալ իր բուն գործառույթների կատարմանը, այն է՝ վերահսկել հասարակական կարգը:
Սկզբնական շրջանում վարչապետ Փաշինյանն անչափ հետևոաղական էր իրավապահներին ցուցումներ տալու և նրանց աշխատանքը վերահսկելու հարցում: Բոլորս էլ հիշում ենք՝ ինչպես ոստիկանապետ Օսիպյանը ամոթանքի արժանացավ՝ գիշերվա ժամը «հազարին» «սալյուտ տրաքացնողներին» օպերատիվ կերպով չհայտնաբերելու համար, սակայն այսօր, երբ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մինի-Սիցիլիայի՝ Փաշինյանի եռանդն ակնհայտորեն նվազել է:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ հանրությունը ցնցվեց Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանության լուրից: Նախկին պատգամավորին գնդակահարող Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը սպանությունը իրագործելուց հետո հանգիստ վերադարձել է իր տուն և նույնիսկ հասցրել ինքնասպան լինել: Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է դա հնարավոր եղել ընդհանրապես: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ տվյալ անձանց թիկնապահներին կցված զենքերը հաշվառված են ոստիկանությունում, հաշվառումն արդեն իսկ ենթադրում է վերահսկողության տակ առնելը: Ասել է թե, երբ հանրային վայրում տեղի է ունենում դաժան սպանություն, այն էլ՝ հավաքված բազմության ներկայությամբ՝ ոստիկանությունը պարզապես չի կարող նման դանդաղկոտություն դրսևորել:
Ոստիկանությունն այնքան անգործունակ է դարձել, որ տարբեր վայրերում մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվում և խաթարում են տարբեր կառույցների աշխատանքներ ու ոստիկանությունը չի կարողանում իրավիճակը վերահսկել։ Վառ օրինակ է Ամուլսարի հանքի շրջափակումը և Մարալիկի համայնքապետարանի շրջափակումը։ Երկու դեպքում էլ կառույցները չեն կարողանում բնականոն աշխատել, քանի որ ոստիկանությունը չի կարողանում բնականոն հունի մեջ դնել իրավիճակը, իսկ նրանք, ովքեր վաղուց պետք է «ասֆալտին փռված» լինեին՝ ակտիվանում են....