Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր հայտարարությունը, որով նա չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իրականում դա քաղաքական հարց չէ: «Դա իրավական հարց է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած օրվա երկրորդ կեսի քննարկման արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ: Այնպես որ, դա իրավաբանական հարց է»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ դա մաքուր իրավաբանական խնդիր է, և ինքը պարզապես չի ցանկացել, որ որևէ նրբերանգ անտեսվի: «Նաև այդ պահը բարձրաձայնեցի, որպեսզի այն իրավաբանները, ովքեր ներգրավված չեն այդ բանավեճին, իրենք էլ տեսակետ հայտնեն, որպեսզի ամեն ինչ 100 տոկոսով ճշգրիտ լինի: Երեկ մի քննարկում կար, և ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին ,որ ամեն դեպքում ճիշտ էր այդ սցենարը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝վերջում բանավեճերի արդյունքում կայացվելու է քաղաքական որոշում, սակայն հարցը քաղաքական ենթատեքստ չունի:
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում էր ունեցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաև այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ և հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և, իհարկե, ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաև ճգնաժամի պահին, բայց ևս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»,- ասել է վարչապետ Փաշինյանը»:
Այդ հանդիպմանը հետևեց վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որով սկիզբ է դրվում Ազգային ժողովի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացին: