«Իմ քայլը պայմանավորված է բացառապես իմ գաղափարներով ու հավատամքով, ես հավատում եմ և հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին և այս մասին ես ասել եմ «Լուսավոր Հայաստանի» իմ ընկերներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Կոնջորյանը՝ անդրադառանալով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքելու և Նիկոլ Փաշինյանին միանալու որոշմանը։
Կոնջորյանը նշեց, որ թե′ քաղաքականության, և թե′ բարոյականության տեսանկյունից կատարել է ճշտագույն քայլ։
«Եթե ես՝ չհավատալով ինչ-որ մի բանի, գնայի և անեի այդ գործողությունը՝ այդ ժամանակ ես կդավաճանեի և իմ սկզբունքներին և իմ հավատամքին։ Ես հասկացել եմ, որ, բնականաբար, լինելու են նաև քննադատություններ»։
Հարցին՝ թե իր քայլը ճամբարափոխություն չի՞՝ նա պատասխանեց․ «Ճամբարափոխությունը դա այն է, երբ մի թիմից դու գնում ես բոլորովին այլ թիմ։ Ես նշեցի՝ իմ գործունեության վիթխարի մասը ես անցկացրել եմ «Ելք» դաշինքի ներսում, դա եղել է մեկ թիմ, մենք ստորագրել ենք հուշագիր, որ դա պետք է լինի մեկ կուսակցություն։ Մենք մեկ թիմ ենք և այս պարագայում չի կարող լինել ճամբարափոխություն։ Ես ճամբարափոխություն չեմ արել»։