Այսօր ԵՊՀ-ում բողոքի ակցիա են իրականացրել ուսխորհրդի անդամները։ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջոցառումից հետո հանդիպել է բողոքող ուսանողների հետ: Խնդիրը նրանում է, որ ուսխորհրդի անդամների կարծիքով՝ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նույն հարցի վերաբերյալ տարբեր պատասխաններ է ուղարկել ուսխորհրդին և Ռեստարտին։ Մասնավորապես, Ռեստարտին ուղարկված նամակում նշվել է, որ ուսխորհուրդը ստեղծվել է կանոնադրական խախտումներով և պետք է լուծարվի: ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշել է, որ փոխնախարարը միմյանց դեմ է դուրս բերում երկու ուսանողական խմբերին ու թեև ընդունում են, որ ուսխորհուրդը գործել է առանց հաստատված կանոնադրության, սակայն գտնում են, որ չպետք է լուծարվի, քանի որ ընտրված է լեգիտիմ: 

Արայիկ Հարությունյանն էլ նկատել է, որ ուսխորհուրդը ստեղծվել է կանոնադրական լուրջ խախտումներով։ Նա նկատել է՝ ինչպես բոլոր համակարգերում են տեղի ունենում փոփոխություններ. ուսանողական խորհուրդներում էլ պետք է այդ փուլն անցնեն:

 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը նշեց, որ խնդիրը նրանում է, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հաստատված կանոնադրություն չունի․ «Ըստ ԿԳՆ օրենքի՝ ուսխորհրդին կարգավիճակ տրվում է, երբ նրա կանոնադրությունը հաստատվում է նախարարության կողմից։ Մենք պահանջում ենք, որպեսզի բյուջեով հատկացված 8․5 մլն դրամը, որը գնում է մեկ ուսանողական կառույցին՝ ունենա հստակ կանոնադրություն, բայց չլինի մեկ ուսխորհուրդ։ Այսինքն, ստեղծվեն տարբեր ուսանողական խմբեր, որոնք կարող են ներկայացնել իրենց շահերը։ Մենք ամենևին չենք ասում, որ ուսխորհուրդը լուծարվի. այն կարող է լինել այդ խմբերից մեկը։ Օրինակ, ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում 25% ձայն է տրված ուսանողներին, իսկ ուսխորհուրդը չի ներկայացնում ամբողջ ուսանողության շահերը։ Մեր խնդիրն է ստեղծել ուսանողական տարբեր խմբեր և մենք արդեն սկսել ենք պրոցեսը»,-ասաց Միսկարյանը։ 

Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի կարծիքով էլ՝ ուսխորհուրդը զրպարտում է, քանի որ ԿԳՆ-ն նամակ է գրել ԵՊՀ-ին, որտեղ առաջարկ է արել գումարել ընդհանուր ժողով և ընտրել նոր կանոնադրություն․ «Իմ նամակին առանձին պատասխան է եկել նույն բովանդակությամբ։ Այստեղ որևէ հակասություն չկա։ Ուսխորհրդի գործունեությունը խոսում է այն մասին, որ իրենք չունեն փաստարկներ, որպեսզի հակադարձեն մեզ, հետևաբար, նրանք թեման փորձում են շեղել»,- նշեց նա։ 

 

Սոնա Հարությունյան