ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Այդ համատեքստում Նազարբաևը նշեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: Նազարբաևի խոսքերով՝ դեկտեմբերի սկզբին կլինի նոր քննարկում, որի ժամանակ էլ կընտրվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Պուտինը ներկա էր եւ հետեւում էր Նիկոլ Փաշինյանի ու Լուկաշենկոյի մենամարտին, միաժամանակ նշելով, թե հաղթանակն ու պարտությունն այս հարցում զուտ անձնական խնդիր է եւ ոչ մի կերպ չի անդրադառնալու ՀԱՊԿ-ի վրա:
Չնայած դրան, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում լուրջ ճգնաժամ է հասունանում: Ըստ էության, կազմակերպության ներսում բացակայում է կոնսենսուսը, ինչը հատկապես ռուսական կողմը կապում է Հայաստանի որդեգրած քաղաքականության հետ: Պաշտոնական Երևանին դեղին քարտ ցույց տրվեց՝ պայմանավորված Յուրի Խաչատուրովի հետկանչով կազմակերպության վարկանիշին հասցված վնասով: Փաշինյանին այդպես էլ չներվեց առանց գործընկերների հետ համաձայնեցնելու քաղաքական նման որոշման կայացումը, ինչը դիտարկվեց իբրև հարված թիկունքից: Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ ի տարբերություն բելառուսական և ղազախական կողմերի, որոնք երեկ հստակ մեսիջներ հղեցին Նիկոլ Փաշինյանին՝ ռուսական կողմը դեռևս չի արտահայտել իր հստակ դիրքորոշումը՝ պահպանելով մանևրելու հնարավորությունը: Գալիք երկու ամիսների ընթացքում Փաշինյանին գուցե և հաջողվի համոզել ռուսական կողմին՝ ընդունել Հայաստանի առաջարկած տարբերակը: Չի բացառվում, որ այս հարցի լուծման համար անհրաժեշտ լինի վճարել համապատասխան քաղաքական գին, եթե իհարկե Հայաստանի նոր իշխանությունները այդչափ կարևորում են ՀԱՊԿ-ում կազմակերպության նախագահության պահպանումը:Երեկ ակնհայտ դարձավ նաև Հայաստանի համար ձևավորվող մեկ այլ ռիսկ: Խոսքը Ադրբեջանի՝ ՀԱՊԿ հավանական անդամակցության մասին է: Ըստ ռուսական աղբյուրների՝ Իլհամ Ալիևը հյուրի կարգավիճակով պետք է ներկա լիներ ՀԱՊԿ երեիվա նիստին, սակայն դրան դեմ է արտահայտվել Հայաստանը: Եթե Ադրբեջանը միանա ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի համար կվերածվի նույն կազմակերպությանը անդամակցող իր երկու գործընկերների միջև հակամարտություն, ինչը թույլ կտա Մոսկվային ավելի ակտիվ գործել, իսկ Բաքվի համար ձեռնտու է անդամակցությունը ռազմաքաղաքական այս կազմակերպությանը, քանի որ, լինելով ՀԱՊԿ անդամ, Ադրբեջանը կկարողանա ռուսական զենքը գնել ներքին գներով, ինչպես դա Հայաստանն է անում: Կան նաեւ այլ կարծիքներ, օրինակ, Ռուսաստանը «կստիպի» Հայաստանի նոր իշխանություններին համաձայնել Ադրբեջանի անդամակցությանը՝ պատերազմի չվերսկսման երաշխիքների դիմաց: Եթե Ռուսաստանը, ինչպես ասում են որոշ փորձագետներ, իր ռազմական դաշինքում ընդգրկի Հայաստանին ու Ադրբեջանին, ապա ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունը, այլ նաեւ տարածաշրջանային անվտանգությունը կդառնան ՀԱՊԿ «ներքին գործը»: Կա տպավորություն, որ Ադրբեջանը «զոնդաժ» է արել ոչ այնքան ՀԱՊԿ-ին անդամակցելու, որքան Հայաստանի նոր իշխանությունների վրա Մոսկվայի ազդեցության հարցով: Հետաքրքիր է, Բաքվում ինչպե՞ս կարձագանքեն ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի մերժմանը: Մինսկի խմբի անդամներց ո՞վ «լավ մթնոլորտի» երաշխիք կտա...