«Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումից հետո դեռևս որևէ քայլ չեն կարող ձեռնարկել։ Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը, քանի որ Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ այլ տեղ վիճարկել հնարավոր չէ», - ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի երեկվա որոշմանը, որը բավարարել էլ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

«Չգիտեմ, թե ինչն էր նրան ազատությունից զրկելու նպատակը։ Որոշումը մեզ համար անսպասելի էր և օրինականացրեց կալանավորելու վերաբերյալ նախկին որոշումները։ Վճռաբեկ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել և ստանալուց հետո նոր միայն կորոշենք անելիքները։ Կարող են կրկին որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդություններ ներկայացնել և չի բացառվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը»,-նշեց պաշտպանը։

 

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը երբևէ չի խոչընդոտել նախաքննության ընթացքին․ «Մարդուն ազատությունից զրկելու մասին է խոսքը, այն դեպքում, երբ անձը որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննական մարմնին նախաքննություն իրականացնելիս։ Նույնիսկ երեկ, երբ հրապարակվեց Վճռաբեկ դատարանի որոշումը, Վաչագան Ղազարյանը 5 րոպե հետո ներկայացավ նախաքննություն իրականացնող մարմին՝ ՀՔԾ՝ չխուսափելով կալանավորվելուց։ Նախաքննության ընթացքում էլ իմ պաշտպանյալը անհրաժեշտության դեպքում օգնել է քննությանը և ամենևին խոչընդոտելու փորձեր չի արել։ Թեև նրան առնչվող օբյեկտներում հարկային մարմինները անհիմն ու անտեղի հարկային ստուգումներ են իրականացրել, սակայն միևնույնն է, նա որևէ ձևով չի խոչընդոտել դրանց ընթացքին»,-ասաց Հարությունյանը։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Վաչագան Ղազարյանի ազատության դիմաց վճարված գումարին, արդյո՞ք գնալու է բյուջե հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ այն վերադարձվում է գրավը վճարողին․ 

«Գրավը մի դեպքում է պետականացվում, երբ պայմանները չեն կատարվում․ եթե, օրինակ, Վաչագան Ղազարյանը խուսափեր նախաքննությունից, չներկայանար, խոչընդոտեր նախաքննության ընթացքին, այդ դեպքում միայն գրավը կպետականացվեր, բայց քանի որ նման բան չի եղել՝ գրավի մասին որոշումը Վճռաբեկ դատարանի որոշման ուժով արդեն ուժը կորցրած է ճանաչվել և այն ենթակա է վերադարձման»,- նկատեց փաստաբան Հարությունյանը։

 

Ի դեպ, նշենք, որ այն ժամանակ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ գրավի գումարը Ղազարյանի ընկերներն են փոխանցել։

Հիշեցնենք՝ ապօրինի հարստացման համար մեղադրվող Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրամ գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել։ Սակայն երեկ Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատխազի տեղակալի բողոքը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

Սոնա Հարությունյան