Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով, որ անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից․

«Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն:

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, մյուս կողմից` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազամակերպությունում:

Հաջողության բանաձևն է` գիտելիք, չափվածություն, հետևողական աշխատանք, հմուտ թիմ:

Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական մտադրություններն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ:

Շարունակելու ենք աշխատել՝ ի նպաստ հավասարակշռված և Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականության»: