Հեղափոխությունից հետո տնտեսական ոլորտում ավելի քիչ արվել է, քան պետք է արվի ապագայում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանում անցկացվող «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում  նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:  Նրա խոսքով` ակնհայտ է, որ տնտեսական դաշտում էական տեղաշարժեր չեն եղել:

«Ես ուզում եմ ոչ թե իմ երեխաները տեսնեն տնտեսության ոլորտում փոփոխությունները, այլ անձամբ ես տեսնեմ, դրա համար ասում եմ՝ տղերք ջան, հեղափոխություն եք արել, արագ աշխատեք, վճիռներ կայացրեք»,-ասաց նա:

«Այժմ անհրաժեշտ է, որ նոր կառավարությունը գործի համակարգային մոտեցմամբ: Ես ողջունում եմ այս համաժողովի կազմակերպումը, այն լավ հնարավորություն է, որ տնտեսական, ֆինանսական ոլորտի մասնագետները մատնանշեն խնդիրները, կոնկրետ առաջարկություններով հանդես գան»,-ասաց Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա ամենամեծ ակնկալիքը ետհեղափոխական կայունություն ապահովելն է, ինչը կա: Տնտեսագետը նշեց, որ դրական տեղաշարժեր են նկատվում վարկավորման ուղղությամբ, այդտեղ աճ է արձանագրվել:

«Մեր ունեցած իրավիճակի համար սա աննախադեպ է: Մենք վարկային ներդրումների 10 տոկոսից ավելի աճ ունենք. դա նշանակում է, որ ներքին շուկան դրական է արձագանքում երկրում տիրող փոփոխություններին: Կառավարությունը պետք է ձգտի որոշակի տեսք տալ այդ դրական միտումներին համակարգային մոտեցմամբ»,-ասաց նա: 

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազմանը՝ Բագրատ Ասատրյանը նշեց, որ պատճառները կապված են ներքին և արտաքին գործոնների հետ:

«Արտաքին ֆոնը բացասական է, պարբերաբար տատանում կա: Դիտարկենք հիմնական հումքատեսակը՝ պղինձը, ոսկին, որն արտահանվում է: Մենք տեսնում ենք, որ պղնձի միջազգային գները վերջին տարիներին զգալի նվազել են: Հաջորդ գործոնը կապված է Ռուսաստանի հետ: Հայաստանը տնտեսապես շատ խիստ կապեր ունի Ռուսաստանի հետ, իսկ այնտեղ տիրող իրավիճակն իր ազդեցությունն է թողնում մեր երկրի վրա: Այնտեղ տնտեսական աճի տեմպերի նվազում կա պատժամիջոցների ազդեցության ներքո, ռուսական ռուբլին է արժեզրկվում: Իհարկե, սա պետք է ազդեր մեր տնտեսության վրա»,-ասաց Բագրատ Ասատրյանը: