Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին, քաղաքն ստացել է դատարկ բյուջեով, որտեղ չկա անգամ մեկ աղբամանի գումար, իսկ պարտքը հասնում է մինչև 700 միլիոն դրամի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սևակ Միքայելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի ժառանգություն է ստացել նա նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից։

Սևակ Միքայելյանի խոսքով՝ քաղաքը գտնվում է ահավոր վիճակում և չկա մի թաղամաս, որ քիչ խնդիրներ ունենա. «Չկան մայթեր, ջրահեռացման համակարգեր, լուսավորություն, կանգառներ, խաղահրապարակ, զբոսայգի, 9 մանկապարտեզ ջեռուցված չէ։ Ես աշխատասենյակումս տաք նստած եմ, իսկ այնտեղ երեխաները սառչում են, սրանք բոլորը ֆինանսի հետ են կապված, ինչը մեզ մոտ չկա, բայց ես կգտնեմ ներդրողներ՝ իրավիճակը բարելավելու համար»,- ասաց Միքայելյանը և հավելեց, որ անգամ երեխաների համար գնված պայուսակների պարտքերն են մնացել։Քաղաքապետը վստահեցնում է, որ «Մամաներ» կոչվող թաղամասը 20 տարի հետո սեփական միջոցներով գազաֆիկացրել է, իսկ մի շարք թաղամասեր էլ լուսավորվել են․«Արամ Դանիելյանն ինձ ահռելի ժառանգություն է թողել խնդիրների տեսքով»։

Սևակ Միքայելյանը նկատեց, որ քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ իրենց մեղքի բաժինն են ունեցել բյուջեի դատարկման և քաղաքի ներկայիս վիճակի մեջ, սակայն կադրային ջարդ չի իրականացնելու. ով ծառայել է ժողովրդին, նա մնալու և աշխատելու է։ 

Վերջում, անդրադառնալով քաղաքի տրանսպորտի խնդրին, նորընտիր քաղաքապետը շեշտեց, որ առնվազն մեկ ամիս հետո ամբողջովին փոխվելու է տրանսպորտը, իսկ այն զբոսայգիները, որոնք նախկինում տրվել են վարձակալության, վերադարձնելու է քաղաքին․ «Ամեն ինչ անելու եմ՝ քաղաքը վերակենդանացնելու համար»,-ասաց նորընտիր քաղաքապետը։

Արմինե Միքայելյան