Երեկ երեկոյան նախընտրական արշավի շրջանակներում տեղի ունեցավ հերթական բանավեճը՝ «Իմ քայլի» ներկայացուցիչ Լենա Նազարյանի և Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանի միջև: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ Արփինե Հովհաննիսյանի բերած փաստարկներին «Իմ քայլի» ներկայացուցիչը բերեց շատ թույլ հակափաստարկներ, իսկ որոշ դեպքերում էլ՝ պարզապես չկարողացավ հավուր պատշաճի արձագանքել քաղաքական օպոնենտին: Իհարկե, խնդիրը միայն անձերի մեջ չէ և նմանատիպ բանավեճերը պետք է դիտարկել առաջին հերթին քաղաքական ուժերի պայքարի համատեքստում:
Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Իմ քայլն» իր քաղաքականությունն ամբողջությամբ կառուցում է սուտ խոստումների վրա: Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հայտարարությունները միայն նրա մասին են, որ իրենք՝ «Իմ քայլը», լավն են, ՀՀԿ-ն՝ վատը, բայց անում են այն, ինչ իրենք են արել: Հովհաննիսյանը նաև նշեց, որ աճի դինամիկան ըստ ԱՎԾ-ի՝ ծայրահեղ ցուցանիշ է գրանցել և, մեջբերելով նվազած թվեր տնտեսական վիճակագրությունից՝ հայտարարեց, որ իշխանությունը մսխում է տնտեսական աճի տեմպը։ Սրանք այն երկու հիմնական թեզերն էին, որոնք առաջ քաշվեցին ՀՀԿ-ական թեկնածուի կողմից և հենց այս երկու թեզերի վերաբերյալ բերված հիմնավորումներն էլ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի կողմից, մեղմ ասած՝ համոզիչ չէին: Հովհաննիսյանի բերած չոր թվերին ու փաստերին Նազարյանի պատասխանները «մեր հավաստի աղբյուրները փաստում են» տրամաբանության մեջ էին:
Սա էլ, կարելի է ասել՝ արդեն երրորդ հանրային բանավեճն է, որտեղ իշխանությունները «կիքսեր» են արձանագրում: Ռուբեն Ռուբինյանին, Էդուարդ Աղաջանյանին միացավ Լենա Նազարյանը, ով, իրականում, գուցե չկարողացավ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ շատ հարցերում ասել ճշմարտությունը, մատնեց իր հուզմունքը, խառնեց փաստերը, թվերը, արդյունքում էլ՝ ակնհայտ պարտություն կրեց: Իհարկե, Լենա Նազարյանի ֆիասկոն այնքան ռեզոնանսային չէ, ինչպիսին, ասենք՝ նույն Ռուբինյանինը, որի շփթմունքը և հայտարարությունը իրականում պաշտոն արժեցող հայտարարություններն էին, սակայն երեք դեպքերում էլ իշխանության ներկայացուցիչների պատրաստվածությունը և մասնագիտացվածության աստիճանը էականորեն զիջում էր «հին գելեր» համարվող Արմեն Աշոտյանին և Արփինե Հովհաննիսյանի համապատասխան որակներին: Իսկ թե ինչպիսի արդյունք կունենա այս երեք գլոբալ պարտությունների հանրագումարը, կհանգեցնի՞ արդյոք իշխանական թիմի ներկայացուցիչների վրիպումների շքերթը քաղաքական կապիտալի որոշակի կորստի՝ ցույց կտան ամսի 9-ի համապետական ընտրությունները…
Ս.Խաչատրյան