ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում 08:00-ին բացվել են 1998 տեղամասային կենտրոնները: Ընտրություններն այս պահի դրությամբ ընթանում են բնականոն հունով:
ԿԸՀ-ում ընտրությունների ընթացքի մասին հրապարակմանն այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Այսօր ժամը 80:00-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: ՀՀ ազգային ժողովի 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 592 հազար 486 ընտրող: Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 30-ից մինչ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո»,-ներկայացրեց Մուկուչյանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված են 1444 թեկնածուներ: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների 4-ի համապետական ընտրական ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` ընդհանուր թվով 12 թեկնածուներ:
Մուկուչյանի խոսքով` ՀՀ-ում քվեարկությունն ապահովելու նպատակով կազմավորվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից 12-ը կազմավորվել են քրեակատարողական հիմնարկներում: Եվ համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների կբացվեն այսօր, սակայն ավելի ուշ ժամի: Թվով 41 տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկությունը կկազմակերպեն նաև շրջիկ արկղերի միջոցով: Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր 1998 տեղամասային կենտրոնները: Ընտրական տեղամասեր կատարած առաջին ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը:
Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկված ընդհանուր թվով 2099 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը: Տեղի է ունեցել յոթ համալրում: Սահմանված կարգով հանձնաժողովները համալրված են: Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմվում են տասը անդամներից: Տեղամասային կենտրոններում գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքերի կիրառմամբ: Հանձնաժողովների ն հատկացվել է ընդհանուր չոր հազար սարքավորում: Ժամը 08:00-ի դրությամբ փորձարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները:
Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների 505 միջազգային դիտորդներն և 17813 տեղական դիտորդներ, որոնք ներկայացում են քսաներկու տեղական հասարակական կազմակերպություններ: Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 77 օտարերկրյա քաղաքացիներ:
Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 70 ԶԼՄ-ի 1200 ներկայացուցիչներ և 31 օտարերկյա ԶԼՄ-ի 80 ներկայացուցիչներ: «Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն հունով»,-եզրափակեց Մուկուչյանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: