«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը քվեարկեց հանուն բոլորի պայծառ ապագայի, նոր Հայաստանի և այն գործի, որ սկսվել է 2018 թվականի ապրիլ-մայիսին, և որը դեռ պետք է շարունակեն:
Պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ բացառիկ շանս է, որպեսզի արդար և թափանցիկ ընտրություններ լինեն:
«Շատ լավ տրամադրությամբ և մեծ հույսերով եմ գնում ընտրության: Քաղաքացիներն, ովքեր հասցրեցին ծանոթանալ մեր կուսակցության ծրագրերին, գաղափարներին՝ իրենց ձայնը կտան մեզ»,- նշեց Հարոյանը և հավելեց, որ պետք է համբերել ու երեկոյան հետևել արդյունքներին:
«Հույս ունեմ, որ մենք վերջապես կունենանք քաղաքական, գաղափարական Ազգային ժողով, որտեղ ներկայացված կլինեն մարդիկ, ովքեր իրոք մտահոգ են երկրի ճակատագրով: Կարծում եմ՝ նոր Խորհրդարանում կլինեն մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները կներդնեն երկրի առաջընթացի համար»,- ընդգծեց «Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածուն:
Նա ընդգծեց, որ խորհրդարան չանցնելու դեպքում իրենք կշարունակեն ակտիվ լինել, իրենց գործունեությունը ծավալել որպես արտախորհրդարանական ուժ: