«168 ժամ» թերթը գրում է.
«Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին եւ հետընտրական հնարավոր զարգացումներին։
Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգեւորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիտորինգի տակ գտնվելուց հանելու եւ տեղափոխելու պոստմոնիտորինգային երկրների դասին, ինչը բուռն հակազդեցության է արժանացել հանձնաժողովի նիստին ներկա պատգամավորների եւ քաղաքական խմբերի ղեկավարների կողմից, եւ նրանք փաստել են, որ, թեպետ ընտրական, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների գնահատականներն ընդհանուր առմամբ դրական են եղել, բայց դեռ շատ վաղ է խոսել Հայաստանում կայուն ժողովրդավարության մասին, եւ հետեւաբար՝ ԵԽ ԽՎ մոնիտորինգը չի դադարելու Հայաստանի հանդեպ։ Այդպիսով, ՀՀ ԱԳՆ-ն չի հասել իր նպատակին։
ԵԽ ԽՎ պատգամավորները, որոնք եղել են նաեւ դիտորդական առաքելության կազմում, ասել են, որ թեպետ, այո, ընտրություններն ընդհանուր առմամբ դրական գնահատականների են արժանացել, բայց եղել են նաեւ ընտրությունների «մութ» կողմեր, մասնավորապես՝ համատարած հակաքարոզչություն քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, ատելության խոսքի անթույլատրելի մակարդակ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչների հանդեպ սպառնալիքների հնչեցում։
Նաեւ ասվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններում 70%-ը, իհարկե, աջակցության բարձր ցուցանիշ է, բայց մտավախություն է առաջացնում այն հանգամանքը, որ այդ 70%-ը կարող է քաղաքական վրեժխնդրության հիմք դառնալ, եւ ոչ թե՝ ծառայել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում