Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Աշատակիցներն ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ են առեղծվածային կերպով սատկում կենդանիները։
«Բեզոարյան այծի դեպքը կենդանաբանական այգու կայքում այնպես ներկայացվեց, թե իբր դա սաբոտաժ է տնօրենի դեմ։ Իրականում դա այդպես չէ. խնդիրն այն է, որ մասնագետները, երբ խորհուրդ են տալիս տնօրենին, նա չի լսում։ Բեզոարյան այծի փախուստի դեպքը ես կարող եմ մեկնաբանել, եթե իրենք չկարողացան մեկնաբանել։ Նախ՝ այն տարածքը, որտեղ գտնվում էր բեզոարյան այծը, կար ցանկապատի խնդիր, որի արանքից այծը կարող էր շատ հանգիստ դուրս գալ։ Եվ հիմնական պատճառն այն էր, որ այս շրջանում բեզոարյան այծերի մոտ զուգավորման շրջան է և դոմինանտ արուները շատ հանգիստ կարող են ճնշում գործադրել թույլերի վրա, և քանի որ տարածքում հարմար տեղ չկար, այծը փախուստի է դիմել և, հայտնվելով Մյասնիկյան փողոցում, վրաերթի է ենթարկվել։ Երբ որ անասնաբույժը քնեցրել է այծին և տեղափոխել կենդանաբանական այգու տարածք, ես չգիտեմ ինչ ուսումնասիրություններ են արել, որի հետևանքով պարզվել է, որ կենդանին ունեցել է հետնամասի վնասվածք։ Հետո սատկել է կենդանին։ Բայց կենդանաբանական այգու կայքում այնպես ներկայացվեց, թե իբր կենդանուն գտել են սատկած վիճակում։ Դա սուտ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը։
Աշխատակցի խոսքով՝ իրենց հիմնական բողոքն այն է, որ տնօրենը չի հասկանում գործից և չի էլ ընդունում աշխատակիցների ու մասնագտեների խորհուրդները։