Արարատի մարզում ընտրություններից հետո կրքերը շարունակում են եռալ: Բանն այն է, որ Արարատի հավերժ քաղաքապետի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները պահանջում են փոխել քաղաքի ղեկավարին՝ Հայկ Հայկյանին, նման պահանջով դիմել էին անգամ նախընտրական արշավի ժամանակ Արարատ ժամանած վարչապետի պաշտոնակատարին: Փաշինյանն առաջարկել էր ստորագրություններ հավաքել և դիմել կառավարություն. կարծես թե դժգոհողները հենց այդպես էլ վարվել են, սակայն՝ անօգուտ:
 
Այս ընթացքում եղան որոշակի խոսակցություններ, որ Արարատի մարզպետը մարզում նոր կարգեր է հաստատել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ շարունակում է նախկինների ավանդույթները, պարզապես՝ ավելի դուխով: Նա որևէ կերպ չի միջամտում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, ինչը մի կողմից հասկանալի է՝ եթե մարզպետ Գարիկ Սարգսյանը միջամտի, կստացվի՝ նա վարչական ռեսուրս է չարաշահում, միջամտում է քաղաքապետարանի աշխատանքներին, իսկ դա ենթադրում է, որ մարզպետն իրեն և իր քաղաքական թիմին սուր քննադատության թիրախ կդարձնի, ինչը դժվար թե ողջունվի ՔՊ-ում:
 
Սակայն մարզպետի լռելն էլ միանշանակ սխալ է, ավելին, այդ լռությունը կարող է այլ կերպ մեկնաբանվել: Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ Հայկյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին աշխատել է ոչ թե հարազատ ՀՀԿ-ի, այլ հենց նոր մարզպետի օգտին և այսօր արդեն, Սարգսյանը կամա թե ակամա՝ ստիպված է վարձահատույց լինել քաղաքապետին՝ օգնելով պահպանել իր պաշտոնը: Ինչևէ, սա ընդամենը վարկած է, որը, սակայն, ավելի առարկայական է դառնում մարզպետի լռության պայմաններում: Լռությունն ունի նաև այլ կողմ. ի վերջո, մարզի խոշորագույն քաղաքներից մեկում իրավիճակը կարծես թե դուրս է գալիս վերահսկողությունից, գործը հասել է անգամ իրավապահ մարմինների հետ բախմանը. մի երևույթ, որը Նոր Հայաստանում իշխանությունները խոստանում էին բացառել…