Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2018 թվականի պետական բյուջեում և փոփոխություն` 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ, որով «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի սաները հնարավորություն կստանան ուսանել Դիլիջանի միջազգային դպրոցում:
Ըստ հիմնավորման, «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի ուսումնական պլանի համաձայն` վարժարանի սաները շաբաթական սահմանված քանակի ժամեր պետք է գործնական գիտելիքներ ստանան ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, իսկ վարժարանը հագեցած չէ նման լաբորատորիաներով:
Համաձայնություն է ձեռք բերվել Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրինության հետ, որպեսզի վարժարանի սաները օգտվեն այնտեղի լաբորատորիաներից: Վարժարանի սաները այցելում են նաև տարբեր զորամասեր, հրաձգարաններ և ուսումնական պոլիգոններ՝ վարժարանում ստացած ռազմական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով:
Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մարդատար ավտոբուս՝ սաների տեղափոխման համար: Հսկիչ անցագրային կետերում և որոշ լսարաններում տեղադրված չեն ջեռուցման համակարգեր, և նշված տարածքները ջեռուցելու համար անհրաժեշտ են էլեկտրական տաքացուցիչներ, սաների անձնական գործերի պահպանման և արխիվացման համար չկան երկաթյա պահարաններ, դեղերի և սննդամթերքի պահպանման համար չկան փոքր ծավալի կենցաղային սառնարաններ: Ուստի տրանսպորտային և վարչական սարքավորումների ձեռք բերման համար անհրաժեշտ է 31 միլիոն դրամ, որը կտրամադրվի բյուջեի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրից: