Ադրբեջանցի ընդդիմադիր, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երկրորդ անգամ հաղթանակ է գրանցել Ադրբեջանի կառավարության դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ՄԻԵԴ վճռի արդյունքում դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է Խադիջա Իսմայիլովայի անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատության իրավունքը ճնշելու համար նրան վճարել 15 հազար եվրո փոխհատուցում:
Ադրբեջանի կառավարությունը լրագրողին պետք է փոխհատուցի նաև 1750 եվրոյի չափով դատական ծախսերը:
Նախորդ անգամ Իսմայիլովան Ադրբեջանի կառավարության դեմ ՄԻԵԴ-ում հաղթանակ էր տարել 2017 թ. ապրիլին: Ադրբեջանի ոստիկանությունը 2013 թ. տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ անհիմն կերպով բերման էր ենթարկել և տուգանել Իսմայիլովային:
Ներկայումս ՄԻԵԴ-ում ուսումնասիրվում են լրագրողի կողմից ներկայացված ևս մի քանի բողոքներ: