Երևանի քաղաքապետարանում բուռն քննարկումներ են ընթանում Երևանի կենտրոնում` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում գտնվող բոլոր սրճարաններն ու ռեստորանները քանդելու մասին։ Այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ, սակայն մամուլում ակտիվորեն քննարկվում է, իսկ սա էլ նշանակում է, որ չկա ծուխ առանց կրակ: Որոշումը քննարկվում է քաղաքի կանաչապատման նախագծի շրջանակում. քաղաքապետարանը մտադիր է սրճարանների փոխարեն կանաչ գոտի ստեղծել։
 
Նման տեղեկատվությունը թերևս բացատրում է, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային օրվա ավարտից հետո շտապում քաղաքապետարան: Ենթադրում ենք, որ նա այնտեղ էր շտապել՝ սթափեցնելու և ճիշտ աշխատելու հորդոր-պահանջով, քանի որ Հայկ Մարությանի վերջին շրջանում արված բոլոր քայլերը հարվածում են Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի վարկանիշին:
 
Ստացվում է՝ մի կողմից խոսում են բիզնեսի զարգացման մասին, մյուս կողմից՝ հարվածում են զարգացող բիզնեսին: Մի կողմից խոսում են Երևանը տուրիստական կենտրոնի վերածելու կայսերական ծրագրերից, մյուս կողմից՝ մեկ որոշումով տուրիստներին զրկում են Հայաստան գալու կարևոր մոտիվացիայից: Քանի որ բոլորս էլ հասկանում ենք՝ Երևան ժամանում են ոչ թե այգիներում զբոսնելու, այլ համեմատաբար էժան զվարճանքներից օգտվելու համար: Այո՛, Երևանը պետք է կանաչապատվի և դա անգամ սակարկման առարկա չէ, սակայն արդյո՞ք դա պետք է արվի բիզնեսի հաշվին, արդյո՞ք դա պետք է արվի ժամանցային վայրերի հաշվին: Ի վերջո, Երևանի վարչական շրջաններում բազմաթիվ են վայրերը, որոնք ցանկության դեպքում կարող են դառնալ կանաչ գոտիներ, քաղաքապետարանի հաշվեկշռում բազմաթիվ են այգիները, որոնք, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում են, ինչո՞ւ պատկան մարմինները չեն ցանկանում քանդելու փոխարեն եղածը շենացնել:
 
Տպավորություն է, թե միակ բանը, որը նոր քաղաքապետը հիանալի է անում, դա քանդելն է: Եվ դա հասկանալի է՝ քանդելը հեշտ է, կառուցելն է դժվար…