Արամի 23 շենքի մասնակի փլուզումը, որը տեղի ունեցավ երեկ երեկոյան, մասնակիորեն փլուզեց նաև երևանցիների հավատն առ այն, որ մայրաքաղաքում իրավիճակ է փոխվել: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի առաջին ասուլիսը պաշտոնը ստանձնելուց հետո մեծ հույսեր էր ներշնչել, քանի որ վերջինս գրեթե կատեգորիկ կերպով հայտարարել էր՝ ապօրինություններին և աչքակապությանը Երևանում վերջ է տրվում: Բոլորս էլ հիշում ենք նրա «հողազավթում այլևս չի լինելու, տղերք» խոսքը, որից հետո, ըստ Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացրած տվյալների՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքապետարանը տղեքին ավելի քան 31 ապօրինի շինթույլտվություն է տվել: Թե բա՝ իրավիճակ է փոխվել...

Նույն Մեսչյանը հայտարարել էր, որ օրինական դաշտում աշխատողները կարող են հանգիստ լինել, ասել է թե՝ նրանց չեն քաշքշի, չեն ներքաշի բյուրոկրատական «ռազբորկաների» մեջ: Արդյունքները երկար սպասել չստիպեցին. երեկ պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել Օպերայի հարակից շրջանի ժամանցային վայրերն ու սրճարանները, որոնց տերերը, ի դեպ, օրինական ճանապարհով են ձեռք բերել տարածքի վարձակալման իրավունքը և բացի այդ էլ՝ հասկանալի չէ, թե քաղաքապետարանը ինչ իրավական հիմքով է պատրաստվում օրինական դաշտում աշխատող մարդկանց և օրինապահ հարկ վճարողների հետ խզել վարձակալման պայմանագրերը՝ միակողմանի:

Մեսչյանը հայտարարել էր, որ պատմական հուշարձանների պահպանումը լինելու է իր առաջնահերթություններից մեկը: «Արդեն գիտեք՝ ումից պահանջեք»,-ասուլիսի ժամանակ խրոխտ հայտարարել էր Երևանի գլխավոր ճարտարապետը: Արամի 23 շենքի պատը փլվեց պատկան մարմինների ապաշնորհության և մատը մատին խփելուց հրաժարվելու արդյունքում: Ումի՞ց պահանջենք, պարո՛ն Մեսչյան...ոսոխ Բելի՞ց...

Ինչ խոսք, Արթուր Մեսչյանը մեր հանրության կողմից անչափ հարգված անձնավորություն է, սակայն մի՞թե դա բավական է, որպեսզի երևանցիները նման կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնած մարդու անգործությանն ու դրա հետևանքով ՝ Երևանի պատմական դիմագծի կորստին ըմբռնումով մոտենան: Թերևս՝ ոչ...