Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Մասնավորապես, դեկտեմբեր-հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, հակահետևակային ականներ, պայթուցիչներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պահունակներ, տարբեր տրամաչափի, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 փամփուշտներ:
ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-ռազմամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ, և ըստ այդմ, քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին: