Աղաջանովների ընտանիքը պատրաստվում է դատի տալ լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանին՝ իրենց ընտանիքին զրպարտելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան։
«Ի՞նչ շահ կարող է ունենալ այս աղջիկը, որ այսպես բեմ է հանում գործը: Մենք հասկացանք, որ նա մարդասպան Մհեր Ենոքյանի կինն է, և նա դասավորեց իր անձնական կյանքը: Ստացվում է, որ նա պաշտպանում է իր հարազատին, և խախտում է լրագրողական և իրավաբանության էթիկան»,-ասաց Ելենա Աղաջանովան:
«Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը փսիխոպատ է»,- ասաց Իոսիֆ Աղաջանովի քույրը:
«Մենք պահանջում ենք, որ նա դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվի։ Ես կարող եմ ասել, որ նրա կինը՝ Զարուհի Մեջլումյանը նույնպես նրա զոհն է»,-նշեց Աղաջանովան:
Աղաջանովան նշեց, որ իր հայրը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս մինչ այժմ չի արձագանքել:
Ելենա Աղաջանովան հավելեց նաև, որ սպառնում և փորձում են լռեցնել բոլոր նրանց, ովքեր ուզում են իրականությունը հրապարակել: