«Այսօրվա՝ այսպես կոչված հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է, որովհետև խոստմնազանց՝ նշանակում է լինել ստախոս, դրա համար հատուկ ուշադրություն պետք չէ դարձնել, թե որ ծրագրում ինչ է ասված, ինչ էլ որ գրեն՝ մեկ է, պետք է ստեն»,-խոսելով կառավարության ծրագրի մասին՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Հայրիկյանը հիշեցրեց՝ երբ անցյալ տարի ընդունվեց կառավարության ծրագիրը, այնտեղ շատ հստակ խոստումներ կային տրված։
«Ծրագրում ասված էր, որ ընտրական օրենսգիրքը, նրա ռեյտինգային համակարգը շատ վատն է, դրա հետևանքով մենք վատ պառլամենտ ունենք, դա պետք է փոխել, դա ծրագրային խոստում էր, դա կառավարության խոստում էր, այդ խոստումները չկատարվեցին՝ քմահաճույքով։ Ի՞նչը ինձ պետք է ստիպի ստախոսի հերթական ծրագրին հավատալ, երբ իր ճակատին գրված է ստախոս»,-ասաց Հայրիկյանն ու հավելեց, որ Փաշինյանը ոչ թե իրավիճակ փոխող է, այլ՝ ուրիշի իրավիճակ փոխողին հարմարվող։ Նա նշեց, որ հայ ժողովրդին այդպիսի ղեկավարներ պետք չեն և շտապեց ներողություն խնդրել ժամանակին հեղափոխական շարժմանը միանալու համար։
«Ես ներողություն եմ խնդրում իմ այն հայրենակիցներից, ովքեր, հավատալով իմ խոսքին, տեսնելով որ ես և ԱԻՄ-ը միացանք այդ շարժմանը, հավատացին մեզ․ մենք այն ժամանակ կոչ արեցինք միանալ ստախոսին, սակայն մեր կոչը այն ժամանակ ստախոսի մասին չէր, այն ժամանակ տեսնում էինք իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու պատրաստ ուժ»,-ասաց նա։
Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում։