Տևական ժամանակ է, ինչ ուսուցիչները և մի շարք ՊՈԱԿ-ների աշխատակիցներ դժգոհության ալիք են բարձրացրել: Պատճառը աշխատավարձերի ուշացումն է, ինչի մասին մամուլում ևս բազմաթիվ ահազանգեր կան:
Նրանցից շատերը պնդում են, որ աշխատավարձերը պետք է ստանային դեռևս այս ամսվա 1-2-ին, սակայն մինչև երեկվա դրությամբ դեռևս չեն ստացել:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ ֆինանսների նախարարությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ խնդիրը բոլորովի այլ տեղում է:
Մամուլի պատասխանատու Աննա Վարդանյանը մանրամասնեց. «Ֆինանսների նախարարության գանձապետարանի խնդիրը չէ սա, այլ տվյալ դպրոցների, մարզպետարանների, քաղաքապետարաննի կամ ՊՈԱԿ-ների: Նրանք պետք է մեզ համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն, որից անմիջապես հետո մենք փոխանցումը կատարում ենք»:
Ըստ Աննա Վարդանյանի, մինչ այս ուղարկված բոլոր հայտերը բավարարվել են:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ