Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում հանձնարարեց իրագործել և զարգացնել մսի ու կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները: Ըստ նրա՝ անցյալ տարի հավաստացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ. «Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», - ասել է Փաշինյանը։
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց, նշելով, որ եթե այս տարի մենք 20.000-ով ավելի քիչ ենք խոշոր եղջերավոր անասուն տվել, ուրեմն «այս կառավարության մատն էլ է խառը», իսկ անցյալ տարվա` 60.000-ով պակաս գլխաքանակը «Կարեն Կարապետյանի տգեղ կառավարման հետևանքն էր»: Ըստ Բերբերյանի` կառավարությունը մեծ ազդեցություն ունի անասնաբուծության վրա:
Բերբերյանը մանրամասնում է՝ անասնագլխաքանակը անասնակերի պակասությունից է եղել, իսկ առաջին հերթին` գյուղնախարարության թերացման հետևանքն է եղել. «Քանի որ նախկինում բավականին «տաղանդավոր» ղեկավարներ էին բերել նշանակել` կոնյակագործ, բան, դրա համար էլ այդ պատկերն ենք ստացել. նրանք գյուղատնտեսությունից բավականին հեռու էին, ներկայիս ղեկավարներն էլ բանի պետք չեն: Բնականաբար, անասնաբուծությունը պետք է բարձիթողի լինի և սա ոչ թե գյուղացու խելքի հետ է կապված, այլ` անասնակերի պակասությունն է խնդիր, քանի որ արոտավայրերի հիմնական մասը մի քանի խոշոր ձեռնարկատերերի ձեռքում են, սրա պատճառով էլ գյուղացին գնաց բնական սպանդի»:
Ինչ վերաբերում է խոզաբուծությանը` մեր զրուցակցի խոսքով այստեղ ևս խնդրի առաջ են կանգնած, քանի որ վերջերս համատարած ժանտախտի վտանգի առաջ էինք. «Անասնապահությունն առանց անասնաբուժության կաղում է, սա կրկին գալիս է կադրային սխալ քաղաքականությունից, պատահական մարդիկ խցկվել են համակարգի ներսում ու չեն էլ հասկանում, որ դա զենք կարող է հանդիսանալ գյուղացու դեմ: Իհարկե, վատ անասնաբույժը հայ ժողովրդի թշնամին է և այդ վարակների տարածումը հիմնականում անասնաբույժներից է գալիս, այստեղ էլ պետք է գնանք բաեփոխումների»:
Վերադառնալով ոչխարաբուծությանտ` ասնագետը նշեց, որ համամիտ է վարչապետի այն մտքի հետ, թե ոչխարաբուծթյունը լուրջ բնագավառ է և որ մենք ունենք արտահանման բավականին լավ շուկա, սակայն մոտեցում է կրկին պետք. Բերբերյանը վստահեցնում է՝ մենք ներկայիս թվից 3 անգամ ավել գլխաքանակ կարող ենք ապահովել. «Շատ կներեք, փողոցից բերված այդ կասկածելի արտաքին տեսքով երիտասարդներին վստահել այս լուրջ բնագավառը, անբարոյականություն է: Կառավարության ծրագրում տնտեսական մի ցուցանիշ էր նշված, որը կասկածելի էր. ասվում է, որ տնտեսական աճը 5% է, իսկ արտահանումները 40% է, բայց ինչպե՞ս է դա լինում, մենք առաջին հերթին պետք է խթանենք արտադրությանը, որ նոր կարողանանք արտահանել այն, եթե դու չունես արտադրանք, էլ ինչի՞ մասին է խոսքը, պիտի բան ունենաս, որ արտահանես»:
Մեր զրուցակիցը վերջում հավելեց՝ բերեք այն ղեկավարին, որն ինչ-որ ալիքի տակ եկել, պատահական հայտնվել է վստահենք լավագույն մեքնենաներից մեկը, միևնույնն է, տանելու է կոտրի. «Այստեղ մեքենան մեղք չունի, պետք ճիշտ կառավարես այն, ոչ թե մեղադրենք, որ ժողովուրդը շատ վատ է մտածում, մեր ժողովուրդը շատ էլ լավ է մտածում, դրա մասին աշխարհն էլ գիտի»:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ