Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը ներկայացրեց փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։

 

Նա նշեց, թե անհրաժեշտ է երեք ընկերության մասնակցություն, սակայն այս պահին արդեն արձագանքել է երկու ընկերություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ այս նախագծի նպատակն է զինված ուժերի սննդի ապահովմանը հատկացված միջոցները առանց ավելացնելու մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը:

«Նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը բարձրացնել, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով», - ասաց նա:

Վարչապետը նշեց, որ առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում այս նախագծով Պաշտպանության նախարարության վրա, որ առավել թափանցիկությամբ գործընթացը լինի և չզուգակցվի որևէ կոռուպցիոն սկանդալով, ինչի համար պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել:

«Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, որ այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,-ասաց նա: