Այսօր՝ փետրվարի 27-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ ջոկի ոստիկանները քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Արթիկ քաղաքում վնասազերծել են ավազակային հարձակում կատարող զինված կասկածյալին: 

Դեպքի վայրում հավաքվածները shamshyan.com-ի հետ զրույցում ասում էին. «Մեզ թվաց, թե կինո են նկարում: Դիմակավորված մի երիտասարդ դիմում էր փախուստի, ով մտել էր Վարդան Հարությունյանին պատկանող ոսկյա ու արծաթյա թանկարժեք զարդերի խանութ ու դանակի սպառնալիքի տակ փորձել էր թալանել: Խանութի տերը, իսկ հետո արդեն Արթիկի ոստիկանները գետնին պառկեցրին նրան, ու նա չէր կարողանում փախնել անգամ 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Մարինե Բաղդասարյանից, ով, ասես, իր գործընկերների հետ իրականացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի ասած՝ «ասֆալտին փռեմ օպերացիան»: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կողոպտիչին տեղափոխեցին ոստիկանության Արթիկի բաժին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է: 

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Սարապակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համազասպ Մնացյանն է: 

 



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: