Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով 2019 թվականի հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը: ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։

Հասկանալի է, որ նման փոփոխությունն ընդամենը նոր սոցիալական բեռ է դառնալու շարքային քաղաքացիների համար, իսկ շահելու են հիմնականում պոլիէթիլենային տոպրակների արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնք բնավ էլ պատահական մարդկանց չեն պատկանում: Այլընտրանքի բացակայության պայմաններում քաղաքացիներն այսպես թե այնպես՝ ստիպված են լինելու վճարել այդ 100 դրամը, փորձը դա արդեն ցույց է տվել, երբ սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակները թանկացան 10-20 դրամով՝ դրանց սպառման ծավալները բնավ էլ չնվազեցին:

Պոլիէթիլենի դեմ պայքարի միջոցառումների շարքում կարող էր ներառվել նաև պոլիէթիլենային տոպրակների վաճառքի հարցը, բայց նման դեպքում, երբ պետական մակարդակով պոլիէթիլենի դեմ պայքար է իրականացվում, այս հարցերը լուծվում են համակարգային մի շարք ուսումնասիրություններից հետո, երբ արդեն իսկ ստեղծված են համապատասխան ենթակառուցվածքներ՝ աղբահանման խնդիրների համար: Լինում է ալտերնատիվ տոպրակների արտադրություն կամ ներմուծում ու իրացում ավելի մատչելի գնով: Իրացման ցանցում ստեղծված է լինում ընտրության հնարավորություն, մասնավորապես, էկոլոգիապես մաքուր թղթե տոպրակների վաճառք է լինում: Վերոնշյալ պայմանները չեն ստեղծվել, իսկ բնապահպանության տեսանկյունից առաջարկվող փոփոխությունը, մեղմ ասած՝ տարակուսելի է:

Չէ՞ որ կարող էին ստեղծել այլընտրանքը և ինչու ոչ՝ միանգամից արգելել պոլիէթիլենային տոպրակների գործածությունը: Այսպես ստացվում է, որ քաղաքացիները վճարելու են իրենց գրպանից հավելյալ գումարներ, արտադրությունը հասկանալի չէ, թե երբ ամբողջությամբ կարգելվի, իսկ արտադրողների վճարած հարկերն էլ հասկանալի չէ՝ որքան օգուտ կտան պետությանը և կտա՞ն արդյոք ընդհանրապես՝ հաշվի առնելով խոշոր բիզնեսի սերը ստվերի նկատմամբ…