Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին, Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

Հիշեցնենք, որ պատրիարք Մութաֆյանը շուրջ 10 տարի կոմայում գտնվելուց հետո մահացել է մարտի 8-ին՝ Ստամբուլի Յեդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Պոլսո Հայոց 84-րդ պատրիարքը 63 տարեկան էր:

Նշվում է, որ մինչ թաղման արարողությունը, մարտի 14-ին և 15-ին Մեսրոպ Մութաֆյանի մարմինը կդրվի եկեղեցում, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները կկարողանան վերջին հրաժեշտը տալ նրան: Հայտնի է նաև, որ մարտի 17-ին, պատրիարք Մութաֆյանի հուղարկավորության հետ կապված, Ստամբուլի հայկական եկեղեցիները պատարագ չեն մատուցի:

Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում հայերեն գրառում էր կատարել՝ իր ցավակցությունները հայտնելով Ստամբուլի հայ համայնքին: Էրդողանի գրառմանը հաջորդել են ցավակցական ուղերձներ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների ղեկավարներից ու առանձին ներկայացուցիչներից: Մեկ օր անց հայ համայնքին ցավակցություն է հղել նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդը:

Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ պոլսահայությանը ցավակցություն էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: