Հայաստանում տասնամյակներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, երբ պաշտոնյաները իրենց պաշտոնն ստանձնելուց հետո իրենց պարտքն են համարել սկսել ազատ տարածքների սեփականաշնորհման, այսպես կոչված, փայ-փայ անելու գործընթացը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Քանի որ ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում եւ այդ ուսումնասիրության արդյունքներով կարող ենք եզրակացություն անել, որ աճուրդները տեղի են ունեցել սահմանված կարգի խախտմամբ, ոչ մրցութային։ Հիմա մեր նախարարության համապատասխան վարչությունը ուսումնասիրություններ է կատարում Դիլիջան, Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Գրիբոյեդով, Արտիմեդ, Պտղունք, Ծաղկալանջ, Ակնալիճ, Մեծամոր համայնքներում: Այս համայնքներում առկա են տասնյակ հեկտարների հողատարածքներ, որոնք տարբեր մարդկանց են պատկանել, բայց նրանց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում: Քննության ավարտից հետո մենք, հավանաբար, կդիմենք ՀՀ վարչական դատարան այդ որոշումները չեղարկելու համար»,- ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով Ռանչպար գյուղում ավազանահանքերին, Պապիկյանն ասաց. «Սա նույն պաշտոնյաների պաշտոնական դիրքի չարաշահման շրջանակներում, գուցե նաեւ տարբեր կեղծ աճուրդների շրջանակներում է: Նույնը վերաբերում է Մեղրու ազատ տնտեսական գոտու նախատեսվող տարածքին, որովհետեւ նախնական տվյալներով, որոշ պաշտոնյաներ, իմանալով, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, նախօրոք դրանք սեփականաշնորհել են չնչին գումարներով, որը հետագայում կասեցրել է ազատ տնտեսական գոտի դառնալուն»:
Նախարարը հրաժարվեց նշել նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների անուններ, որոնց կողմից իրականացվել են օրենքի խախտմամբ հողի սեփականաշնորհում՝ խորհուրդ տալով սպասել համապատասխան մարմինների կողմից քննվող գործերի ավարտին։
Դիտարկմանը, թե նշվում է, որ նաեւ գործող պաշտոնյաներ կան, որ տիրապետում են ինչ-որ հանքերի, Պապիկյանն ասաց. «Եթե որեւէ պաշտոնյա այսօր իր պաշտոնական լիազորությունները շրջանցելով զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այդ ճանապարհին օգտագործում է իր դիրքը, խնդրում եմ իրազեկել համապատասխան մարմիններին»: