Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հարցրել է՝ «ՀՀԿ-ին ծառայած մամուլի խոսնակը ազնվորեն կարո՞ղ է ներկայացնել Ձեր աշխատանքը»։
Սրանից հետո համացանցում տարաբնույթ քննարկումներ սկսեցին, ինչին ի պատասխան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն իր ֆեյսբուքի էջում գրել է․
«Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս։ Ուստի, խնդրում եմ ընդունել ի գիտություն․
• Նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ այո, քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի։
• Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքական կիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։
• Թեև իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։
• Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»,- գրել է նա։
Տեսանյութը՝ 24news.am-ի