Գուցե տարիներ հետո Հայաստանը դառնա աշխարհում ոչխարաբուծության առաջատար երկիր:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը՝ խոսելով Հայաստանում ոչխարաբուծության զարգացման մասին:
Հարցին՝ արդյո՞ք մեր բնակլիմայական պայմանները թույլ են տալիս երկրում զարգացնել գյուղատնտեսության այդ ճյուղը, պատգամավորն ասաց. «Իհարկե, կան որոշակի էկո խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարող են խոսել մասնագետները: Բնապահպանական, տնտեսական թեմաներով քննարկումներ պետք է ծավալեն մասնագետները և հասկանան դրանց լուծման ճանապարհները»։
Ավելի վաղ, Թևոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հայաստանում, պարզվում ա, տարեկան 600 հազար գլուխ գառան պահանջարկ կա: Ձեռ առնելու տեղը, թե՝ #ոչխարպահեք, գնացեք իսկականից ոչխար պահեք»։
Մեկնաբանելով իր գրառումը, պատգամավորը նշեց. «Ես ուղղակի կարծում եմ, որ ձեռք առնելու փոխարեն կարող ենք ոչխար պահել, մանավանդ, եթե դրա պահանջարկը կա։ Եթե մարդիկ ձեռք առնեին գործարան բացելու առաջարկը, ես դրան էլ այդպես կանդրադառնայի»:
Հիշեցնենք, որ գյուղացիներին ոչխար պահելու խորհուրդ տվել էր նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշ կատարած այցի ժամանակ: