ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ մեզանում գնաճը զսպելու քաղաքականությունը չափից ավելի խիստ է․ «Մենք պետք է կարողանանք ավելի մեծ գնաճ ունենալ մեր երկրում, ենթադրենք՝ մինչև 10 տոկոս, որը ձեռնարկություններին հնարավորություն կտա ավելի լավ աշխատել, ապրանքային շուկաներից ձեռնարկությունների վրա ճնշում չի լինի»,-հայտարարել է պատգամավորը։
 
Ինչպես երևում է՝ Փաշինյանի թիմը այն աստիճան է կտրվել իրականությունից, որ փորձում է հպարտ քաղաքացիներին համոզել, թե գնաճը մի փայլուն և գովելի երևույթ է, և որքան այն ավելի բարձր լինի, այնքան այդ քաղաքացիները ավելի առոք-փառոք կապրեն: Ի դեպ, նույնիսկ այսօր գրանցված գնաճը պլանավորված չէր, ասել է թե՝ արդեն իսկ հարվածել է քաղաքացիների գրապաններին, բայց ըստ իմքայլականների՝ դա մեզ դեռ քիչ է, մենք ավելիին ենք արժանի: Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս պետք է գնաճը երջանկացնի հասարակությանը, եթե հաշվի առնենք այն փաստը, որը գներն օր-օրի աճում են, իսկ թոշակները և աշխատավարձերը կամ չեն բարձրացվել, կամ բարձրացվել են այնքան չնչին չափով, որ չեն կարող որևէ կերպ մեղմել սոցիալ-տնտեսական վիճակը:
 
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ գնաճը շատ ավելի ակտիվ է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։ Պատահական չէ, որ 1-2 տոկոս գնաճի պայմաններում միայն վերջին մի քանի ամիսներին սոցիալական այնպիսի կարևորության ապրանքատեսակ, ինչպիսին ալյուրն է կամ հացը, թանկացել է 10-20 տոկոսով։ Նույնիսկ չենք խոսում մսամթերքի գնաճի մասին, որն անհասանելի է դարձել սպառողների մեծ մասին։ Միջին աշխատավարձը, որը հանդիսանում է սոցիալական վիճակի հիմնական բնութագրիչներից մեկը, այս ընթացքում էական փոփոխություն չի կրել։ Անցած տարի այն ավելացել է 2,9 տոկոսով։ Այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջին աշխատավարձի աճը կազմել է 4,1 տոկոս կամ շուրջ 172,2 հազար դրամ։ Բայց այն դեռ գնահատական է և առաջիկայում անպայման փոխվելու է։ Կասկած չկա, որ նվազելու է։
 
Փաստացի, կամ նորաթուխ պատգամավորները կիլոմետրերով հեռու են տնտեսության զարգացման մեխանիզմների մասին պատկերացումներից, կամ էլ պարզապես ծաղրում են հասարակությանը: