«Կադրային քաղաքականությունը և պատկերացում չունենալը, թե տարբեր ոլորտներում ինչ բարեփոխումներ է պետք անել ամենօրյա ռեժիմով, լուրջ խնդիրներ են առաջացրել»,- ԼՈԻՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեկ տարվան:

Մարուքյանը նշեց` խորհրդարանը նոր է ընտրված և այդ բոլոր փաթեթները պետք է նաև գեներացնի խորհրդարանը, բայց, ինչպես տեսնում ենք, խորհրդարանի օրակարգը դատարկ է:

«Օրինակ` մեկ տարի է՝ հարկային օրենսգրքի փոփոխություններից են խոսում, բայց այն նոր է եկել խորհրդարան քննարկման: Ո´չ խորհրդարանն է ծրագրերը գեներացնում, ո´չ կառավարությունն է գեներացնում և բերում խորհրդարան, այսպես ասած՝ պարապուրդի է մատնված»-ընդգծեց Մարուքյանը:

Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ խորհրդարանի ձևավորումից հետո լինելու են մեծ թվով ներդրումներ, բայց կարծեք թե այդպես չեղավ:

Հարցին՝ արդյոք իշխանությունները ունեցան որոշակի թերացումներ, որոնց պատճառով սպասելիքները չեն իրականանում` Մարուքյանը պատասխանեց. «Վարչապետն ասում է, որ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան, ստուգեք, տեսեք, թե այդ ծրագրերն իրականում կա՞ն, թե՞ չկան: Մենք սպասում ենք, որ այդ տվյալները ներկայացվեն խորհրդարան, բայց այդ տվյալները չկան: Բացի հայտարարությունները, մենք կոնկրետ ներդրումային ծրագիր դեռ չենք տեսել: Միշտ ասում են այսինչ բանը կարվի, այնինչ բանը պիտի արվի, բայց դեռ չեն ասել` այսինչ բանը արեցինք»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը` նշելով, որ հետհեղափոխական շրջանում, երբ ամեն ինչ դեռևս անկայուն է, շատ դժվար է ակնկալել մեծ մերդրումներ, բայց պետք է կայունացնել հատկապես տնտեսությունը, որ դրա արդյունքում ներդրումներ լինեն:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ