Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ապրիլի 8-ին, իմքայլական պատգամավորները մոտեցան Ազգային ժողովի դիմաց` տրանսգենդերի դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներին:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում  ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Աժ ամբիոնից տրանսգենդերի ելույթի վերաբերյալ առանձնապես մեկնաբանություն չունի:

«Ինչ վերաբերում է մարդկանց բողոքին, ապա նրանք տեղեկություն էին ուզում ստանալ և մամուլում հրապարակվել էր, թե «Իմ քայլը» դաշինքի անդամ Մարիա Կարապետյանն է հրավիրել նրան, իսկ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց փաստաթուղթ, որով ակնհայտ է, որ Մարիան ոչ մեկին գրություն չի ուղարկել: Հրավերքը եղել է Նաիրա Զոհրաբյանի կողմից, բայց տիկին Զոհրաբյանը ևս չի իմացել, թե ով է այդ անձը: Ես էլ եմ շատ մարդկանց հրավիրել, բայց երբևէ չեմ ստուգել, թե այդ ընկերության ներկայացուցիչը ինչպիսի սեռական կողմնորոշում ունի»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Սիփան Փաշինյանը ևս հրաժարվեց մեկնաբանել ելույթը` նշելով, որ կուսակցությունը դեռ իր դիրքորոշումը կհայտնի. «Սա կեղծ օրակարգ է: Մարդիկ կան, որ այս կեղծ օրակարգը ստեղծել են, որպեսզի մարդիկ այստեղ հավաքվեն, այս ամենը լինի: Կրկնում եմ՝ ես չեմ ուզում մեկնաբանել»,-եզրափակեց Սիփան Փաշինյանը:

Լուսինե Բադալյանը նշեց, որ կարծում է, թե թեմային անդրադառնալով, դրան մեծ կարևորություն է տրվում և քաղաքացիներն իրենք են դա դարձնում օրակարգային. «Վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեր օրինակով ենք ցույց տալիս մեր պատկերացումները հայկական ընտանիքի, հայ սերունդների մասին: Ես նորմալ եմ համարում այն մտավախությունները, որ կան բոլորի մոտ, բայց թե որքանով են նման երևույթները սպառնում մեր ազգային կերպարին, դա մի քիչ շատ ենք ծայրահեղականացնում: Ամեն անգամ խոսելով և այդ թեման արդիականացնելով, մենք տալիս ենք հնարավորություն ակտիվանալ և մեծ թափով դուրս գալ պայքարի հենց այն ուժերին, որոնց դեմ մենք պայքարում ենք: Ես կցանկանայի, որ նման թեմա ընդհանրապես օրակարգում չլիներ: Ինչ վերաբերում է մարդկանց բողոքի ակցիային, ես դրան նորմալ եմ վերաբերվում, ուղղակի կուզեմ, որ պայքարի ձևը բնականոն լիներ, այս թեմայի շուրջ հազարամյակներ շարունակ են պայքարում, դա նոր հայտնված խնդիր չէ»,-ասաց Լուսինե Բադալյանը:

 

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ